Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Արմեն Աշոտյան.«Հայաստանը պետք է դառնա եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մաս»

Սեպտեմբեր 3, 2010թ. 16:35

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության (DEMYC) անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կրթությանն առնչվող մի շարք հարցեր: Ա. Աշոտյանը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ Հայաստանի համար շատ արդիական է միության կարգախոը` «Իրականում որտե՞ղ է նոր աշխարհը, ինչպիսի՞ն է նոր աշխարհը, եւ ի՞նչ է նոր աշխարհը»:

«Կապելով ձեր կարգախոսը «Եվրոպական հարեւանության» ծրագրի հետ` Հայաստանի համար այն շատ արդիական է: Նոր աշխարհը ստեղծում են նոր մտածելակերպով, եւ նոր աշխարհի սահմանը մարդկային ուղեղն է: Օրեցօր փոքրացող երկրագնդում ուրվագծվող սահմաններն իրականում քաղաքական, տնտեսական կամ սոցիալական չեն: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը դառնա եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մասը այնպես, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ»,-ասաց ԿԳ նախարարը` կարեւորելով հայ ժողովրդի` հազարամյակներ շարունակ ունեցած արժեհամակարգը, որը խարսխված է քրիստոնեական բարոյականության վրա: Նա ցանկություն հայտնեց որ այդ արժեհամակարգը իրականում դառնա եվրոպական քաղաքակրթական ընտանիքի լիիրավ հատված: «Մենք հետաքրքրում ենք իրար` որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որովհետեւ ունենք տարբեր մշակույթ եւ մոտեցումներ: Գլոբալիզացիայի գործընթացը, որ միացրել է ողջ աշխարհը, չպետք է բերի տեսակների եւ քաղաքակրթությունների գլոբալիզացիայի:

Մենք պետք է պահենք մեր այն առանձնահատկությունները, որ տարբերակում են հային ֆրանսիացուց, գերմանացուն ռուսից: Նոր աշխարհի համար շատ կարեւոր է, որ մարդը ունենա ոչ միայն իր իրավունքների ու պարտականությունների կատարման համար համարժեք միջավայր, այլ նաեւ կտրված չլինի իր արմատից»,-ասաց Ա. Աշոտյանը: Հանդիպմանն ընթացքում հնչեցված հարց ու պատասխանի ժամանակ Արմեն Աշոտյանը հատկապես կարեւորեց Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալը: «Մենք այս տարի աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ` «Հայաստան-Եվրոպա` ինտեգրում կրթության միջոցով», որովհետեւ կրթական համակարգն ունի ոչ միայն գիտելիք փոխանցելու եւ ստեղծելու, այլեւ արժեհամակարգ սփռելու առաքելություն»,-նշեց նախարարը` վստահություն հայտնելով, որ Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության անդամները իրենց հետագա քննարկումներում այդ եւ այլ խնդիրները կարծարծեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն