Ադրբեջանը հասավ իր նպատակին`բանաձևը կքննարկվի ՄԱԿ-ում
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը:
Նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը: Փաստաթուղթն օրակարգում ներառված է 18-րդ համարի տակ: Նկատենք, որ նույն օրը 14 համարի տակ քննարկվելու է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունները, դրանց ազդեցությունը միջազգային անվտանգության եւ կայունության վրա» հարցը:
Ադրբեջանի կողմից ներկայացված` «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, մասնավորապես, խոսվում է ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայրեր վերադառնալու անհրաժեշտության եւ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» մշակութային հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին:
Ի դեպ, Հայ Դատի գրասենյակներն ու Հայաստանի դիվանագիտական առաքելությունները ողջ աշխարհում աշխատանք են տանում ՄԱԿ-ում այդ բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ:
ArmAr.am
Թեգեր` «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, Հայ Դատ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա












