Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ

Վարդան Ավետիսյան.«Հայ զինվորն այսօր առավել քան վստահ է իր ուժերի վրա»

Սեպտեմբեր 4, 2010թ. 14:48

vardan_avetisyan-150x150Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 4-ին` ժամը 06:50-ի սահմանում, արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք, արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը դեպքի մանրամասներին տեղեկանալու նպատակով հարցազրույցի հրավիրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ,  գեներալ Վարդան Ավետիսյանին:

ArmAr.am –ի հետ զրույցում գեներալ Ավետիսյանը նկատեց, որ ադրբեջանական կողմը պարբերաբար  նման դիվերսիոն գործողություններ  իրականացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում: Սակայն, ըստ գեներալի,  թշնամու կողմից դիվերսիոն գործողությունների  վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում  դրանք ավելի հաճախակի բնույթ են կրում:

«Երեք դիվերսիոն գործողություններ հաջորդեցին միմյանց. հունիսի  18,  օգոստոսի 31 ու սեպտեմբերի 4: Մենք կանխատեսում էինք, որ թշնամին օգոստոսի 31-ից հետո կրկին դիմելու է նման գործողության և, դժբախտաբար, մեր կանխատեսումը  իրականություն դարձավ:

Ինչպես արդեն հայտնի է, Պաշտպանական բանակի ձեռնարկած համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում, ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով մեկ դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ:

Գեներալ Վարդան Ավետիսյանը տեղեկացրեց, որ  քիչ առաջ ստացված հավաստի  տվյալներով, ականի վրա պայթած թշնամիներից մեկը, որը եղել է վաշտի հրամանատար, մահացել է: «Ըստ հետախուզության նախնական տվյալների, այդ վիրավորները եղել են Ադրբեջանի Զինված ուժերի հետախուզական ու սակրավորային վաշտի հրամանատարներ»:

Բարեբախտաբար, արցախյան կողմից կորուստներ չկան:

Հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական դիվերսիոն խումբը բաղկացած էր 4-5 հոգուց:

Պարոն Ավետիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը և ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը Արցախի Հանրապետության տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն իրականացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաև հայ զինծառայողների գերեվարման նպատակով:

ArmAr.am-ի հարցին, թե.

Արդյո՞ք թշնամու կողմից հաճախակի կրկնվող նման դիվերսիոն գործողությունների նպատակը հայկական կողմի զինուժի կազմակերպվածությունը, խոցելիությունն ու զգոնությունը շոշափելը չէ.

Գեներալ Ավետիսյանը պատասխանեց.

-Ոչ միայն: Հունիսի 18-ին իրականացրած դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները աշխարհով մեկ բարբաջում էին, թե հայերն են դիվերսիոն գործողության հեղինակները:  Նրանք իրողությունը թաքցնում էին նաև սեփական հասարակությունից:  Ու քանի որ օգոստոսի 31-ին կատարված հերթական դիվերսիան ձախողվեց, հայկական բանակը կասեցրեց նրանց գործողությունները, ադրբեջանցիները որոշեցին իրականացնել հաջորդ դիվերսիան` ակնկալելով սեպտեմբերի 4-ին հասնել հաջողության: Ո՞ր է նրանց իրական նպատակը: Թշնամին փորձում է նման գործողությունների դիմելով գերեվարել հայ զինծառայողների, նրանց կտտանքների, բռնության ենթարկել, պարտադրել ի ցույց աշխարհի «խոստովանել», թե իրենք հայ դիվերսանտներ են, ապա  հայտարարել, թե տեսեք, հայտնաբերել ենք հայկական դիվերսիոն հարձակողական խումբ ու  ոչնչացրել, ինչի մասին  խոստովանում են հենց խմբի անդամները: Այսինքն, Ադրբեջանի նպատակն է աշխարհին ցույց տալ, թե հայերն են նման դիվերսիոն գործողություններ իրականացնողները: Իհարկե, կա նաև երկրորդ նպատակը. ադրբեջանցիները, փորձում են  նման գործողություններով համոզվել, թե ի՞նչ վիճակում են գտնվում հայկական դիրքապահ ու մարտական հենակետերը, այո, նաև շոշափում են մեր զինծառայողների զգոնությունը: Նման գործողությունները և’ ռազմաստրատեգիական նպատակներ են հետապնդում, և’ ինչու ոչ` նաև քարոզչական:

-Սովորաբար, նման գործողություններին հաջորդում են պատերազմական  լայնածավալ ռազմական գործողությունները. որպես ռազմական գործիչ դուք պատերազմի վտանգ չե՞ք տեսնում:

– Մենք նման մտավախություններ չունենք, թե նման  հետախուզական-դիվերսիոն գործողություններին կարող են հաջորդել լայնածավալ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Սրանք, պարզապես, ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողություններն են, որոնց նպատակը սեփական  քարոզչությունը թե’ երկրի ներսում, թե’  ի տես աշխարհի  իրականացնելն է, ինչն ամբողջությամբ համապատասխանում է  Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայումս վարվող քաղաքականության տրամաբանությանը:

-Իսկ այսօր ինչպիսի՞ն է մեր բանակի մարտունակությունը:

– Պետք է  հավաստեմ, որ հայկական զինուժի մարտունակությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, չունենք երերումներ, աննկուն ենք ու անդրդվելի: Ադրբեջանական դիվերսիոն խմբերի ոչնչացումը բարձրացրել է մեր զինվորների մարտական ոգին:  Հայ  զինվորն այսօր առավել քան վստահ է իր ուժերի վրա,  թշնամու հանդեպ` անզիջում,  ու պատրաստ դիմակայելու  թե’  դիվերսիոն հետախուզական գործողություններին, թե լայնամասշտաբ հարձակումներին:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն