Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Ցեղասպանություն

Ժերար Դեպարդիե. «Լավ ճանաչում եմ ցեղասպանությունից փրկված այն հայերին, ովքեր ապրում են Ֆրանսիայում»

Սեպտեմբեր 4, 2010թ. 17:25

KAR_0368-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով Հայաստան է ժամանել “Կարոտ” միջազգային հայկական երրորդ փառատոնի շրջանակներում:

Ողջունելով անվանի հյուրին` Հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը: Իսկ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, Նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին:

“Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ եւ համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը”,-ասել է Նախագահ Սարգսյանը, ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժերար Դեպարդիեին:

ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե ճանաչում է, նույնիսկ կարող է ասել` շատ լավ է  ճանաչում ցեղասպանությունից փրկված այն հայերին եւ նրանց զավակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. “Ես նույնպես շատ հպարտ եմ եւ շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր  1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի եւ գոյատեւման ունակության շնորհիվ, կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին եւ զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ”:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն