Ժերար Դեպարդիե.««Ես կարծում եմ, որ Թուրքիան սկսել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որը նրա վրա մեծ տպավորություն է գործել: «Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ստացածս տպավորությունն այնպիսին է, որպիսին մարդկանց վրա թողնում է Թել Ավիվում գտնվող Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը», -իր տպավորություններն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսում արտահայտեց Դեպարդիեն:
Նա ասել է, որ շատ լավ գիտի, թե ի՞նչ է կատարվել 1915 թվականին: Ապա հիացմունքով պատմեց Ֆրանսիայում ապրող այն հայերի մասին, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են: «Ծանոթ եմ Ֆրանսիայում ապրող շատ հայերի և գիտեմ, որ այնտեղ արդեն 4-րդ սերունդն է, որ խոսում են հայերեն, չեն մոռանում իրենց արմատներին ու հավատարիմ են հայկական ավանդույթներին, շատ են ուզում վերականգնել իրենց ազատ երկիրը», -նշեց ֆրանսիացի հյուրը:
Հարցին, թե ինչպես է հռչակավոր դերասանը գնահատում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, Դեպարդիեն պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Թուրքիան այդ գործընթացն արդեն սկսել է: Ես հեռու եմ քաղաքականությունից, բայց կարծում է, որ մշակույթը մեծ դեր կխաղա հայ-թուրքական հաշտեցման գործում: Քաղաքականությունը շահերի հավասարակշռումն է, իսկ մշակույթը ազատությունն է, մարդու արտահայտման ազատությունն է, իր ներքին, արմատների ազատությունն է: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են և պետք չէ վախենալ այդ տարբերություններից», -հավելեց հռչակավոր կինոդերասանը::
ArmAr.am












