Սևրի պայմանագրի շուրջ` պարզաբանման անհրաժեշտություն
Սեւրի պայմանգրի ստորագրման 90-ամեակը կարեւոր իրադարձութիւն է Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ ողջ հայութեան կեանքում: Սակայն կայ մի տարածուած մոլորութիւն, որը պարզաբանման կարիք ունի. Հայկական հողային իրաւունքները խարսխուած չեն Սեւրի պայմանագրի վրայ: Սեւրի պայմանագիրը չի որոշել Հայաստան-Թուրքիա սահմանը. Սեւրի պայմանագրի 89-րդ յօդուածով պայմանագրի կողմերը դիմել են ԱՄՆ-ի նախագահին, որպէսզի վերջինս իր իրաւարար վճռով (arbitration) որոշի նշեալ սահմանը: Եթէ մինչեւ իսկ չլիներ Սեւրի պայմանագիրը, միեւնոյնն է, Հայաստանն այսօր կ’ունենար անսակարկ հողային իրաւունքներ, քանի որ դեռեւս Սան Ռեմոյի կոնֆերանսը 1920թ. Ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի (Բրիտանական կայսրութիւն, Ֆրանսա եւ Իտալիա) անունից դիմել էր Ուիլսընին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանազատման (delimitation) խնդրանքով եւ ԱՄՆի նախագահն իր համաձայնութիւնը տուել է 1920թ. Մայիսի 17-ին: Այսինքն՝ Սեւրի պայմանագրի ստորագրումից գրեթէ երեք ամիս առաջ: (Սեւրի պայմանագիրը ստորագրուած է 1920թ. Օգոստոսի 10-ին): Սեւրի պայմանագրի ստորագրման կարեւորութիւնը՝ հողային իրաւունքների տեսանկիւնից, այն է, որ ստորագրելով պայմանագիրը՝ Թուրքիան եւս մաս կազմեց իրաւարարութեան հայցին (arbitration compromis), եւ դրանով իսկ վերահաստատեց պարտաւորութիւնը՝ կատարման համար պարտադիր համարել ԱՄՆ-ի նախագահի ցանկացած իրաւարար վճիռը: Շեշտում եմ վերահաստատեց, քանի որ ստորագրելով Մուտրոսի զինադադարը (30 Հոկտեմբերի 1918թ.), որն իր իրաւական բնոյթով անվերապահ կապիտուլացիա էր, Թուրքիան իր ինքնիշխանութիւնը յանձնել էր յաղթող կողմին եւ վերջիններիս էր վերապահուած իրաւունքը որոշելու, թէ Օսմանեան կայսրութեան ո՞ր հատուածի վրայ կը վերականգնուի թրքական պետութիւնը: Հետեւաբար, իրաւական դաշտին մէջ մեր պայքարը պիտի խարսխուած լինի երկու փաստաթղթի՝ Սեւրի պայմանագրի (10 Օգոստոսի 1920թ.) եւ առաւելապէս այդ պայմանագրից ածանցուող ԱՄՆ նախագահ Ուուտրօ Ուիլսընի իրաւարար վճիռի (22 Նոյեմբերի 1920թ.) վրայ: Առաջինի վերաբերեալ պէտք է ասել, որ չնայած այն վաւերացուած չէ, այսուհանդերձ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է (binding document), քանի որ ստորագրուել է «բարձր պայմանաւորուող կողմերի միջեւ» (Տե՛ս՝ Vienna Convention on Law of Treaties, Article 2 (f)): Երկրորդի վերաբերեալ անհրաժեշտ է շեշտել հետեւեալը.
ա. իրաւարար վճիռը անբեկանելի է, անժամանցելի եւ կատարման համար պարտադիր որոշում է.
բ. իրաւարար վճիռը, թէեւ կատարուել է ԱՄՆ-ի նախագահի կողմից, այսուհանդերձ պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի անդամ ներկայիս 192 երկիրներից 142ի համար (Տեղի սակաւութեան պատճառով հարցը չեմ մանրամասնում, սակայն հարցը հանգամանալից քննութեան է առնուած է իմ «Հայկական հարցի լուծման հայեցակարգ»ի մէջ):
Ամփոփելով կարելի է անել հետեւեալ եզրակացութիւնը. Սեւրի պայմանագրի դրոյթները Հայաստանի Հանրապետութեան հողային իրաւունքների մասով, շնորհիւ վերը քննուած փաստաթղթերի, միանգամայն արդիական են եւ, համապատասխան աշխատանքի ու քաղաքական իրավիճակի դէպքում, հնարաւոր է կեանքի կոչել:
Արա ՊԱՊԵԱՆ
ArmAr.am












