Գլխավոր » NKR, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Աշոտ Մելքոնյան .«Թուրքական դրոշի ու Մուսթաֆա Քեմալի սֆաթի ներքո մենք պատարագ չենք մատուցի»

Սեպտեմբեր 7, 2010թ. 10:30

Ashot MelkonyanՊատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ելույթ ունենալով Հայաստանի Հայրենակցական միությունների կազմակերպած հավաք-խորհրդակցությանը, հայտարարեց, որ մերժելի է Թուրքիայի կողմից` Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելը:

Նա իր ելույթում,մասնավորաբար, ասաց.

– Արևմտյան Հայաստանը մեր բռնազավթված հայրենիքն է,  և  ոչ թե` կորուսյալ: Կորուսյալ հայրենիք չի լինում, Հայաստանը մեկն է, իսկ Հայաստանի Հանրապետությունն այդ հայրենիքի մեկ մասը: Եվ մենք գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ կանգնած ենք ճիշտ ուղու վրա, որովհետև մեծ հայրենիքի գաղափարն այսօր դարձել է մեր ժողովրդի սեփականությունը: Եվ դա շատ ուրախալի է: Երբ տարիներ առաջ մենք խոսում էինք մեր հայրենիքի մասին, մարդիկ ասում էին, թե իրենք պահանջատեր չեն, այլ հայրենատեր: Չէինք հասկանում, ի՞նչ ասել է լինել հայրենատեր, բայց չլինել պահանջատեր: Չէ՞ որ դրանք նույնն են:

Իսկ  այսօր արդեն մենք ուզում ենք նոյեմբերի 22-ը հայրենատիրության օր հռչակել: Մենք մեր ազատ անկախ ու միացյալ Հայրենիքի տերն ենք, ու քանի որ այդ գաղափարը մեր ժողովրդի սեփականությունն է մենք նաև առարկայորեն պետք է դառնանք այդ Հայրենիքի իրական տերը:

Շատ ուրախ եմ, որ ներկա գտնվողների մեծ մասն այն կարծիքին են, որ մենք թուրքերի կարիքը, բացարձակապես, չունենք մեր հայրենիքի հետ ծանոթանալու. մեր պատմական հայրենիքում լինել ու այդ բերկրանքն ապրելու համար: Ճանապարհներն էլ լավ գիտենք, Աղթամարի տեղն էլ լավ գիտենք, գիտենք բոլոր հուշարձանների տեղերը, որովհետև մենք ենք այդ հուշարձանների տերը:

Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ թուրքը չի փոխվել, մնացել է նույնը. Այսօր էլ նույն շղթայի շարունակությունն է` սուլթան Համիդից սկսած մինչև մեր օրերը: Եվ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, երբ սպառնում էր, մատ էր թափ տալիս, թե հայաստանցիներին կվտարի Կոստանդնուպոլսից` Ստամբուլից, ես հիշեցի 1895-ի  մայիսի 11-ը: Երբ մեծ տերությունները Սուլթան Համիդին ներկայացրեցին բարեփոխումների մայիսյան ծրագիրը, նա պատասխանեց, որ Թուրքիայի հետ Եվրոպան կատակներ է անում, առանց իմանալու, որ Թուրքիայի հետ գործ ունի, ու սպառնաց` կտեսնեք, թե վաղը ինչ կլինի: Հետևանքը  եղավ 90-ականների կոտորածները: Նույն խոսքերն այսօր Էրդողանն է կրկնում, նկատի ունենալով Հայոց Ցեղասպանության հարցի վերջին քննարկումները` ԱՄՆ Կոնգրեսում, Շվեդիայի խորհրդարանում, ասաց` կատակում են Թուրքիայի հետ` առանց իմանալու, թե ո~ւմ հետ գործ ունեն…

Թուրքերը մեզ շա~տ են հիշեցրել իրենց ով լինելը, բայց, ցավոք, մեզանում, պաշտոնական հողի վրա ասվում էր, թե թուրքերը փոխվել են ու նրանք մեզ պես խիզախ գործընկերներն են: 1,5-2 տարի առաջ, երբ ասում էինք հակառակը` մնում էինք միայնակ,  բայց, փառք աստծո, որ ժողովուրդը գտնվեց ի բարձրության վրա ու մեծ մասը «Ո’չ» ասաց  հայ-թուրքական  արձանագրություններին, որոնք այսօր մտել են փակուղի:

Թուրքական  հերթական շոուին` Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու ցանկություն մենք, բացարձակապես, չունենք: Այն ինչ, որ անում են թուրքական իշխանությունները` ծաղր է: Որոշ տվյալներով, թուրքերն ունեն 1500-2000  հզոր ուղղաթիռներ, դրանցով քրդերի հարցերն են լուծում: Իսկ նման ուղղաթիռով 200 կգ խաչը տեղափոխել ու տեղադրել եկեղեցու գմբեթին,   ընդամենը, կես ժամվա գործ է, այնպես որ տեխնիկապես  պատճառաբանել ու ասել, թե խաչը տեղադրել հնարավոր չէ` ամոթ է:

Շատ եմ ցավում, որ շատ կառույցներ` պետական, հոգևոր, մերժել` չգնալը

հայտարարեցին բավական ուշացումով…

Թուրքերը ինչպիսին եղել են , այդպիսին էլ կմնան: Նրանք միշտ խոսել են Օսմանյան կայսրության ուժի դիրքերից թելադրվող քաղաքականության լեզվով, նրանք ճշմարտությունը հաստատում են ուժի դիրքերից` առանց իմանալու, որ 21-րդ դարը ուժի ու թուրքական  զոռբայության դարաշրջան չէ: Մենք` մեր Աղթամարի տերն ենք ու բազմիցս հնարավորություն կունենանք մեր պատարագներն այնտեղ կատարելու և դա   երբեք չենք անելու թուրքական դրոշի ու Մուսթաֆա Քեմալի սֆաթի ներքո:

ArmAr.am


Դիտել NKR, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն