Տիգրան Բալայան. «Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է»
Արդրբեջանի փոխարտգործնախարարը երեկ կրկին հանդես է եկել բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններով: Այս առիթով պատասխանելով «News.am» լրատվական կայքի հարցին, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է.
«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով:
Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով: Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»:
ArmAr.am












