Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան պարտավոր է լսել ադրբեջանահայերին

Սեպտեմբեր 8, 2010թ. 09:30

MAKՀերթական անգամ հերթական միջազգային ատյանը լսում է հայկական հարցը: Վերջին հարյուրամյակում արդեն որերորդ անգամ: Ճիշտ է, հարցն այդպես չի կոչվում, որովհետև այն հայերը, որոնց հարցը լսվում է, գործոն չեն: Գործոնն այս անգամ Ադրբեջանն է, ավելի ճիշտ` այնտեղից արտահանվող նավթը, գազը, տարածքով անցնող կոմունիկացիաները: Այդ պատճառով հարցը երկարաշունչ անուն ունի, որտեղ կա «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» արտահայտությունը: Այդ նախագծում չկա ոչ մի բառ ադրբեջանահայության մասին, բայց այն նախ և առաջ հենց վերջինիս ճակատագրի մասին է: Ավելի ճիշտ` միջազգային ատյանի կողմից այդ ճակատագրի մերժման մասին:

Տարիներ շարունակ հայության անցյալի խոշորագույն ողբերգության` Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության փաստի առիթով ծագած հարցերի մի շրջանակ, երկար ժամանակ մեզանում իր պատասխանը չէր ստանում: Ասենք՝

  • Ինչպես եղավ, որ մարդիկ չկարողացան փրկվել, պաշտպանվել
  • Ինչու միջազգային հանրությունը չարձագանքեց, չօգնեց փրկվել նրանց: Չէ՞ որ մարդկությունը դուրս էր եկել արդեն իր սկզբնական վայրագությունից և մենք ապրում էինք խոշորագույն փիլիսոփաների, հոգևոր հովիվների, մշակույթի գործիչների հսկայական ազդեցությամբ ձևավորված աշխարհում:
  • Ինչու  մինչ  այսօր չի ճանաչված այդ ոճրագործությունը և ինչու քայլեր չեն ձեռնարկվել դրա հետևանքները հնարավորինս հաղթահարելու համար:

SumgaitԻնչ իմանայինք, որ տարիներ անց այս հարցերի պատասխանները կստանանք ոչ թե որպես տեսական մի ձևակերպում, այլ սեփական կյանքի դաժանագույն իրականություն: Երբ 1988թ. քաղաքական ազատություններ հայտարարած Խորհրդային Միությունում՝ աշխարհի, կարծես թե, ամենակայուն հատվածներից մեկում, ի պատասխան Հայաստանին միանալու` Լեռնային Ղարաբաղի պետական ատյանների որոշման, բռնություններ ծավալվեցին ոչ միայն և ոչ այնքան ղարաբաղահայության, որքան ադրբեջանահայության նկատմամբ: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի տասնյակ այլ փոքր և մեծ բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայեր չհասցրեցին անգամ հասկանալ, թե ինչ է կատարվեց, երբ թիրախ դարձան դաժանագույն տանջանքների, հալածանքների, սպանությունների, տեղահանումների` զուտ մեկ պատճառով՝ որ իրենք հայ էին: Եվ եթե ղարաբաղահայության դեպքում որպես «բացատրություն և արդարացում»  նման ոճրագործությունների հնչեցվում էին սեպարատիզմ, էքստրեմիզմ բառերը, ապա ադրբեջանահայության դեպքում չկար ոչ մի հիմնավորում, բացի հալածյալների հայ լինելուց:

Հարցերին, թե ինչու և ինչպես է այս ամենը հնարավոր, ինչու անմիջապես չի կասեցվում` որպես պատասխան ստացվեց խորհրդային առաջնորդ Գորբաչովի շուրթերից` «…ցանկացած քայլ անելուց առաջ չմոռանալ ադրբեջանական գործոնի մասին…»: Նա «գործոն» անվանեց սադիստական գործողություններ իրականացնողների գոյության փաստը: Սա կարելի էր սնանկ պետական գործչի լեզվի սայթաքում համարել, եթե հաջորդող ավելի քան երկու տասնամյակում ամեն մի քայլափոխի չհանդիպեինք նավթ-գործոնին, ուժ-գործոնին, տարածք-գործոնին: Եվ, սակայն, մարդկային տառապանքները, խեղված ճակատագրերը, իսկ դրանց հետ միասին նաև արդարությունն ու օրենքը, երբևիցե չհնչեցին որպես գործոն:

Աշխարհի այս թելադրանքն առաջինն ընկալեցին ղարաբաղցիները, զենքով պաշտպանեցին իրենց կյանքն ու ունեցվածքը: Եվ միանգամից գործոն դարձան: Հետո զբաղվեցին քաղաքականությամբ, և գործոնն այս ավելի ուժեղացավ:

Եվ միայն ադրբեջանահայությունն էր, որ չգնահատվեց որպես քաղաքական, պետական, ռազմական միավոր, սպասեց տարբեր պետությունների, միջազգային ատյանների կողմից սեփական իրավունքների ճանաչման, ոճրագործների դատապարտման, հարազատ օջախները վերադառնալու իրավունքի: Եվ առ այսօր ոչ մի նշույլ, կարծես մենք՝ հարյուր հազարավոր ադրբեջանահայերս անէացել ենք համայն աշխարհի համար:

Երբ լսեցինք ՄԱԿ-ում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցի լսումների մասին, մի պահ թվաց, թե սառույցը վերջապես տեղից շարժվել է: Որ, ի վերջո, կխոսվի Բաքվի Արմենիքենդի և Գյանջայի հայկական թաղամասերի, Ադրբեջանի` տասնյակ և հարյուրավոր հայկական բնակավայրերի մասին, որտեղից բնիկ ժողովուրդն ուժով քշվել է ջարդարար խուժանի և նրանց հետ ուս-ուսի գործող ոստիկանության ու բանակի ստորաբաժանումների կողմից:  Ահա սրանք են, իրոք, օկուպացված տարածքներ և ոչ թե  պատերազմի հետևանքով ամայացած, անմարդաբնակ դարձած, ավերված մի քանի շրջաններ , որ այս բովանդակ աշխարհում ադրբեջանահայությանը մնացած միակ քիչ թե շատ օրինական հողակտորն էր: Հողակտոր, որում բնակություն հաստատած ադրբեջանահային, բացի 1-2 պարկ ալյուր ստանալուց, ոչ ոք, ոչ մի օգնություն չցուցաբերեց, ոչ մի ներդրում չկատարեց: Որտեղ գոյատևելն անգամ շատ դժվար էր, ուր մնաց ապրելը, սովորելը, ստեղծագործելը: Եվ կարծես այս ամենը քիչ էր, մարդիկ, որ փորձեցին հաստատվել այնտեղ, բոլոր այս տարիներին ապրում էին Ադրբեջանի բարձրաստիճան ջարդարար ահաբեկիչների անթաքույց և անվերջ սպառնալիքների ներքո, հրետակոծության, կրակոցների, անվերջ միջադեպերի պայմաններում: Եվ ոչ ոք աշխարհում չփորձեց սանձահարել այդ սպառնացողներին և կրակողներին` կարծես նպատակ ունենալով անել ամեն ինչ, որ այս ամայի տարածքներում ադրբեջանահայերը հանգրվան չունենան:

Եվ այսօր առաջ է քաշված այս ողջ անօրենությունները ՄԱԿ-ի կողմից վավերացվելու հարցը: Դա արդյունք չէ՞ ինչ-ինչ ուժերի խարդավանքների:

Եթե նրանց ձեռնարկը այս անգամ ևս հաջողությամբ պսակվի, մենք այլևս ասելու մեկ ասելիք կունենանք. այս «իրատեսական» քաղաքականության դասերը, որ ավելի քան երկու տասնամյակ մատուցվում են ադրբեջանահայությանը, մեզ պարտադրում են դառնալ գործոն: Այս գործընթացի հեղինակներին և հովանավորներին ուզում ենք ասել, որ  ընդունվող փաստաթուղթը լինելու է ավելորդ  և անարդյունք: ՄԱԿ-ից պահանջում ենք վերականգնել մեր՝ անօրինաբար տեղահանված ադրբեջանահայերիս բոլոր ոտնահարված իրավունքները  համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության և հիմնարար Կոնվենցիաների:

Արկադի Հակոբյան

Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտե

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն