Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Վլադիմիր Աթանյանը 70 տարեկան է

Սեպտեմբեր 8, 2010թ. 13:00

Vladimir Atanian 2Նա ճանաչված է, ճանաչված է Հայաստանում ու սփյուռքում: Ստեղծագործում է ավելի քան հինգ տասնամյակ, ստեղծագործություններից շատերը մշտապես ցուցադրվում են Միացյալ Նահանգների շուրջ 10 հեղինակավոր պատկերասրահներում: Նրա գործերը զարդարում են աշխարհի մեծ ու փոքր ցուցասրահները: … Երեք նկարիչների հայր է, երեք նկարիչների` պապ, սկիզբն է նկարչական գերդաստանի: Նրա անունը հարյուրավոր թելերով կապված է քաղաքամայր Երևանի հետ, քանզի քաղաքի հիմքը դրել է դարավոր պատմությունը, բայց բանվորի ու շինարարի, քարտաշի, ճարտարապետի ու բազում արվեստագետների հետ Երևանի դեմքը կերտել ու հղկել, հայի շունչ ու հայի ոգի է հաղորդել նաև` նա: Որպես քանդակագործ նրա արվեստի բացառիկությունը հետաքրքրում է օտարներին:
Այսօր ճանաչված արվեստագետը, Արվեստի Վաստակավոր գործիչը, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիրը, Կալիֆորնիայի Lifetime Achievement Award Winner, պրոֆեսոր, գեղանկարիչն ու քանդակագործը, Ֆրանսիայի և Իտալիայի միջազգային բիենալիեների դիպլոմակիրը, հիսունամյա ստեղծագործական ու մանկավարժական ծանրակշիռ բեռը ուսերին` Վլադիմիր Աթանյանը 70 տարեկան է: 1992- ից բնակվում է Լոս Անջելեսում և որպես մանկավարժ կրթում է երրորդ սերունդը: 1993 թ. որդու` Գոռի հետ հիմնադրած Աթանյան արվեստի կենտրոնում` նկարչության ու դիզայնի դպրոցում, ամերիկյան այս բազմազգ , բազմախառն ու խայտաբղետ կուլտուրաների ազդեցության մթնոլորտում հարյուրավոր հայորդիներ փրկվում են ձուլման վտանգից ու ստանում հայեցի դաստիարակություն: Աթանյանի նպատակը թղթի վրա առաջին խզբզանքներն անող, մի քանի գույն իրար խառնող երեխաներին միայն նկարիչ դարձնելը չէ, նա այստեղ ավելի մեծ առաքելություն է կատարում: Աթանյան արվեստի կենտրոնն ունեցել է ավելի քան 1000 շրջանավարտ, որոնցից 120-ը ընդունվել են արվեստի ամերիկյան բարձրագույն քոլեջներ ու համալսարաններ: Միացյալ Նահանգների ՙ Ով ով է՚ մատենաշարում Վլադիմիր Աթանյանի անունը նշվել է որպես ԱՄՆ-ի լավագույն ուսուցիչ:
Յոթանասունամյա եռանդուն արվեստագետի ստեղծագործական միտքը միշտ որոնումների մեջ է, նա շարունակում է ստեղծագործել: Մոնումենտալ և դեկորատիվ արվեստում նշանակալից են Գլենդեյլի Փասիֆիկ համայնքային ՙԿոլորաման՚, Բրբանկ քաղաքի նկարիչների կոլոնիայի շենքի ճակատային մասում` ՙՄուսա՚ խեցեգործական խճանկարները:
Թերթենք արվեստագետի կյանքի ու ստեղծագործության էջերը հետընթաց ու մոտենանք ծննդյանն ու մանկության հետաքրքիր հուշերին:
Յոթանասուն տարի առաջ, 1940 թվականի մայիսի 4-ին, Երևանում տպագրիչներ Գուրգեն Աթանյանի և Գոհար Սարոյանի ընտանիքում ծնվում է Վլադիմիր Աթանյանը: Մանկությունն անցել է պատերազմի ու հետպատերազմյան շրջանի դժվարությունների միջով: Նկարել սկսել է ութ տարեկանից:
ՙ Նկարիչ հարևան ունեինք, պատշգամբում միշտ նկարում էր, ես էլ ուշադիր նայում էի: Էդպես սկսեցի նկարել: Տաս- տասներկու տարեկան տղա էի, ընկերներով գնացինք Զանգվի ձորում լողանալու, ափին մի խումբ աշակերտներ ուսուցչի հետ նկարում էին: Բուռն ցանկություն ունեցա վրձին վերցնելու; Ոսուցիչն ինձ ստվարաթուղթ ու ներկ տվեց: Սկսեցի նկարել: … Այդ օրվանից կյանքս պատկանում է արվեստին՚:
Դպրոցական տարիներին հաճախում է Երևանի Ղուկաս Ղուկասյանի անվան քաղաքային պիոներ պալատ, որտեղ ուսանում է Գագիկ Ղազարյանի նկարչության դասարանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ստեղծագործական հաջողություններ ունեցել է դեռ ուսանողական տարիներին: 1964-ին ՙՍայաթ Նովա՚ խճանկարի համար արժանանում է հանրապետական ուսանողական ցուցահանդեսի ոսկե մեդալին:Ինստիտուտն ավարտելուց հետո որպես դիզայներ աշխատանքի է ընդունվում Երևանի Գեղարվեստակոնստրուկտորոկան բյուրոյում; Այստեղ արտադրության մեջ են դրվում Աթանյանի դիզայներական նախագծերից շատերը:
Վլադիմիր Աթանյանի մանկավարժական գործունեությունն սկսվում է 1969-ից: Նա հրավիրվում է դասախոսելու Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ամբիոնում, որտեղ դասավանդում է շուրջ երեսուն տարի: Աթանյանն իր կյանքով, իր ստեղծագործությամբ ու գործունեությամբ ապացուցեց, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը մարդկության արժեքներից են: Տարիներ շարունակ նրա ջանքերով կազմակերպվում և իրականացվում են հայ կերպարվեստի ցուցահանդեսներ Հունգարիայում, Գերմանիայում, Թունիսում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում: 1975 թ. Գերմանիայում Լայպցիգի միջազգային տոնավաճառում Վլադիմիր Աթանյանի և գործընկեր Ռուդոլֆ Գարգալոյանի շնորհիվ ձևավորված հայկական տաղավարն արժանացավ տարբեր ազգերի հազարավոր այցելուների ուշադրությանն ու հիացմունքին: Նշանակալից են ֆրանսիական Վալորիսի և իտալական Ֆայենցոյի համաշխարհային բիենալիեների մասնակցությունը 70-ականներին, որտեղ Աթանյանն արժանացել է պատվավոր դիպլոմների:
Թվերն ու փաստերը հաջորդում են մեկը մյուսին, խմբակային ու անհատական ցուցահանդեսների թիվը հայրենիքում ու նրա սահմաններից դուրս անցնում է 300-ից: Իսկ այս ամենից զատ և նախ և առաջ Աթանյանն իր արվեստով ծառայել է հայրենիքին: Երևանը զարդարող նրա մի շարք մոնումենտալ գործերում, շինությունների ներքին ու արտաքին ձևավորումներում արվեստագետը կարողացել է ներկայացնել դարերի խորքից եկող մեր պատմությունը, ազգային ոգին, ուժը, ավանդույթներն ու պատմության խորքից եկող հայ ժողովրդի մաքրամաքուր կենցաղը: Երևանը զարդարում է հայկական տոմարի` աղթարքի նշաններով, բրոնզե քանդակներով զարդարված շատրվանախումբը, իրագործված ճարտարապետ Արսեն Մելիքյանի և քանդակագործ Արարատ Հովսեփյանի համահեղինակությամբ որ գտնվում է ՙՄոսկվա՚ կինոթատրոնի շրջակայքում, Շարլ Ազնավուրի հրապարակում: Աթանյանի աշխատանքներից են Նորքի Զանգվածի ՙՎարդ՚ շատրվանը, Զեյթուն թաղամասի հանգստյան գոտու ՙԶեյթունցիներ՚ տուֆե քանդակները: Քաղաքի կենտրոնում է գտնվում ՙԷրեբունի Երևան՚ հարթաքանդակ խճանկարը` նվիրված երևանի հիմնադրման 2750 ամյակին: Յուրաքանչյուր այցելուի հիացմունքն է շարժում ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ճեմասրահի պատը զարդարող ՙԳորանի՚ բարձրաքանդակը, ՙԴվին՚ և ՙԱնի՚ հյուրանոցների ներքին և արտաքին ձևավորումները, ՙԱռողջությունը կյանք է՚ հարթաքանդակը` բժիշկների կատարելագործման ինստիտուտում: 1979-ին ստեղծագործական խմբի հետ ՙԴվին՚ հյուրանոցի ձևավորման համար Վլադիմիր Աթանյանն արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի: Այսօր Երևանում, մեզ ծնող ու սնող մայրաքաղաքում ի հայտ են եկել ճարտարապետական նոր մոտեցումներ` նոր ձևերով ու լուծումներով: Քաղաքն օր օրի կորցնում է իր յուրօրինակ գեղեցիկ դեմքն ու օրեցօր այն մի տեսակ խորթանում է, խորթանում է երևանցուն` երևանցու աչքի առաջ: Հայտնի չէ, թե վաղն այն ինչ տեսք կունենա; Իսկ անվանի նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ թանգարանային նմուշներ են դարձել ու պահպանվում են Երևանի ժամանակակից արվեստի և Սարդարապատի թանգարաններում:
1982- 1987 թվականներին Վլադիմիր Աթանյանին վստահվում է Հայաստանի նկարիչների միության քարտուղարի, այնուհետև` գեղարվեստական խորհրդի նախագահի պաշտոնները: Աթանյանը հանդիսացել է նաև մշակույթի հայկական ֆոնդի նախագահության անդամ, կազմակերպել և մասնակցել է մի շարք բարեգործական ցուցահանդեսների:
Ձեռքբերումներն ու ստեղծագործական բուռն վերելքի տարբեր շրջաններն այնպես են հաջորդում մեկը մյուսին, որ հնարավորություն չեն տալիս խոսելու Աթանյան արվեստագետի խառնվածքի, նրա արվեստի ու նկարչական ոճի մասին: Ստեղծագործելուց Աթանյան արվեստագետին քիչ է հուզում ոճը, նրա կենտրոնական նյութն ու մեկնակետը կյանքի ու աշխարհի ներքին գաղտնիքը բացահայտելն է: Նրա հիմնական հերոսը մարդն է, իսկ ստեղծագործությունները մարդկային փոխհարաբերությունների ու դրանց արանքում թաքնված մարդկային էության բացահայտման ճիչերն են: Աթանյանի քանդակներն ասես հայելիներ են, որտեղ ամենքս կարող ենք գտնել մեզ ու բացահայտել մեր հոգու գաղտնի անկյուններում թաքնված մեր իսկ եսը, որ արդեն գույն ու երանգ է ստացել: Իսկական երջանկություն է հաղորդակցվել բարձր զգայական աշխարհի հետ և այն ներկայացնել գույնով, գծով ու քանդակով:
Կես կատակ, կես լուրջ որոշ քննադատների կարծիքով Աթանյանն ստեղծել է նոր ոճ` կախարդական ռեալիզմ: Ոմանք գտնում են, որ նա ֆիգուրատիվ էքսպրեսիոնիստ է: Նրա մասին հոդվածներ են գրել արվեստաբան քննադատներ Անտուանետ Սուլեվանը, Պիտեր Ֆրանկը, Ռիչարդ Նաթանը: Նրանցից առաջինը զմայլվել է Աթանյանի զգացական աշխարհով, գույների շրջապտույտով, բեկորների ինքնաբուխ շարժումով, բարու և չարի հավերժական պայքարով պարուրված հեղինակային լուծումներով, երկրորդին` վիրտուոզ վարպետը գրավել է էսթետիկ ու տրփագին նրբագծերով պարուրված քանդակներով ու ՙկուբիստական՚ կտավներով, երրորդի աչքից չի վրիպել հայազգի հեղինակության նրբագեղ ու ճարտարամիտ ոճը, չորրորդը նկատում է Աթանյանի հայրենասիրությունն ու նվիրումն իր ազգին, բայցև հպարտորեն ասում է, որ Աթանյանը նաև իրենցն է: Վերջինս` ամերիկացի ճանաչված արվեստաբան Ռիչարդ Նաթանն իր հոդվածում գրում է. ՙ Աթանյանն առաջինն է իր տեսակի մեջ, և ինչպես Բայրոնին` նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի՚ :
Իսկ մեզ` Երևանի ներկա ու նախկին քաղաքացիներին մնում է գնահատել մեր մեծերին ու պահպանել նրանց թողած արժեքները, այլապես` աշխարհը սպասում է նրանց…

Նարիա Մնացականյան

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն