«Բաղրամյան» կայարանը շարունակում է մնալ ծխածածկ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում գնացքի կայանում և ուղևորների իջեցում-նստեցումը որոշ ժամանակով դադարեցված է: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Պավել Գյոզալյանն ասել է, թե որ հրդեհ որպես այդպիսին տեղի չի ունեցել, ուղղակի` էլեկտրական վահանակում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով կայարանում առաջացել է ծխածածկ գոտի: «Մետրոյի աշխատակիցներն անմիջապես հասցրել են անջատել հոսանքը, որից հետո ինքնամարում է տեղի ունեցել, 6 հրշեջ մեքենա է ժամանել դեպքի վայր, սակայն հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել», -պարզաբանեց ՓԾ ներկայացուցիչը:
Մասնագետի հավաստմամբ, անհանգստանալու հարկ չկա, այժմ իրականացվում են ծխահեռացման աշխատանքներ, որից հետո միայն «Բաղրամյան» կայարանի աշխատակիցները կսկսեն իրենց բնականոն աշխատանքը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն իր հերթին տեղեկացրել է, որ մետրոյի մյուս կայարանները նորմալ աշխատել են, իսկ «Բաղրամյան» կայարանում ուղևորների նստեցում-իջեցումը ժամանակավորապես դադարեցված է:
«Էլեկտրական վահանակի մեջ երկու ավտոմատ է այրվել, դրանք եղել են պլաստմասայից դրա համար էլ այդպիսի ծուխ է գոյացել` առաջացնելով տհաճ հոտ», -նշեց Յայլոյանը` նկատելով, որ շուրջ մեկ ժամից «Բաղրամյան» կայարանը կսկսի բնականոն աշխատել:












