Շվեդացի համազեկուցող Գորան Լինդբլադի խաղն անազնիվ է
Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը դիմել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադին, խնդրելով մեկնաբանել NEWS.am-ում տեղադրված նյութում իր արտահայտած տեսակետները:
Գյոթեբուրգում կայացած կոնֆերանսի ժամանակ Գորան Լինդբլադը հայտարարել էր. «Այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդեն պայմանավորվել են եւ ցանկանում են նույնիսկ դպրոցական դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը: Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»:
Այս առնչությամբ Լինդբլադն ասել է. «Ես կարծում եմ, որ նման սկզբունքային հարցերը խորհրդարանների քննարկման նյութ չպետք է դառնան: Մեր ալյանսի օգտին քվեարկելը կերաշխավորի, որ խորհրդարանը չի անդրադառնա նման պատմական խնդիրների, ու բոլորովին կապ չունի դա կողմ է, թե` դեմ որոշակի շահերի»:
Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը 4 հարց է ուղղել Լինդբլադին.
«1. Եթե ինքը դեմ է Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, համարելով, որ խորհրդարանը պատմական խնդիրներ չպետք է քննարկի, այդ դեպքում ինչո՞ւ է պահանջում բանաձեւ ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:
2. Եթե նույնիսկ պարոն Լինդբլադը դեմ է Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, «հանուն սկզբունքի», ինչո՞ւ է նա դեմ հանդես գալիս Շվեդիայի դպրոցական դասագրքերում հայոց ցեղասպանության մասին հիշատակումներին: Արդյոք, սրանով նա դե՞մ է հանդես գալիս համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներին, այդ թվում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի գիտնականներին, ինչպես նաեւ Շվեդիայի իշխանություններին եւ «Ապրող պատմություն» ֆորումին, որը նույնպես ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին:
3. Ինչո՞ւ պետք է Հայաստանի հարցով համազեկուցողը, ով պետք է անաչառ դիրք ունենա, Շվեդիայի խորհրդարանում ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւ ներկայացնի, որն ակնհայտորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացվող առաջարկներին: Լինդբլադի պահանջը հիմնվում է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, որը պարբերաբար Ադրբեջանի կողմից օգտագործվող հռետորաբանությունն է, ինչը տարբերվում է Մադրիդյան սկզբունքներից, ըստ որոնց խոսք է գնում միայն ԼՂ-ին հարակից տարածքներից զորքերի հետ քաշման եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի (մասնավորապես Լաչինի եւ Քելբաջարի) ապահովման մասին: Արդյոք, սրանով Լինդբլադը մարտահրավե՞ր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին:
4. Որոշ դեպքերում Բաքուն հայտարարում է, որ հիասթափված է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի դանդաղ ընթացքից եւ նախագահ Ալիեւը նշում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, հայտարարելով, թե «մեր համբերությունն էլ սահման ունի»: Դա ակնհայտորեն երեւում է նաեւ վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների ֆոնին: Գորան Լինդբլադը, Շվեդիայի կառավարությունը կամ ԵԽԽՎ-ն այս կապակցությամբ որեւէ հայտարարություն արե՞լ են կամ տեսակետ հայտնե՞լ են»:
Տեղեկացնենք, որ Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության այս հարցերը դեռ պատասխան չեն ստացել:












