Ադրբեջանցի պատգամավորներին հունից հանել է Ջուղայի վեց հազար խաչքարերի ոչնչացման փաստը
Սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանը: Այն նախագահել է Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես են եկել Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ:
Նստաշրջանում ծավալված քննարկումները մեկնաբանում էր Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
Պարոն Գրիգորյանի փոխանցմամբ, նստաշրջանն անցել է չափազանց լարված: Հատկապես հետաքրքրությամբ է ընդունվել Վահան Հովհաննիսյանի ելույթը, որի ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ՙտարածքային ամբողջականության՚ սկզբունքի, ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ առավելության սնանկությունը` միաժամանակ հասկացնելով, որ առանց Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ սկսելու Ադրբեջանը ոչ մի արդյունքի չի կարող հասնել:
Անդրադառնալով Արցախը և Հայաստանը «ոչնչացելու» ադրբեջանական իշխանությունների ամպագորգոռ հայտարարություններին, Հովհաննիսյանը նշել է, որ նման ռազմատենչ հայտարարությունները ստիպում են Հայաստանին և սփյուռքին առավել համախմբվել ու շատ ավելի հզորացնել երկրի պաշտպանությունը. «Որն առանց այն էլ խիստ բարձր մակարդակի վրա է գտնվում»:
Ներկա գտնվող ադրբեջանցի պատգամավորներին ու քաղաքական գործիչներին «հունից հանել» է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի եզրափակիչ ելույթը, որի ընթացքում Միկլոշկոն խոսել է Ջուղայի վեց հազար խաչքարերի ոչնչացման փաստի մասին, ինչպես նաև ջերմությամբ խոսել Արցախի Հանրապետությունում` քայլ առ քայլ կառուցվող ժղովրդավարության մասին:
Միկլոշկոն խիստ մեղադրել է մասնակից ԵՄ պատգամավորներին` պահանջելով գործուն միջամտություն Արցախին սատարելու հարցում: Նստաշրջանը ավարտվեց Գրիգորյանի եզրափակիչ ելույթով` Հարավային Կովկասի Հանրապետությունների միչև կառուցողական համագործակցության նախագիծ մշակելու և մինչ հաջորդ տարվա ֆորումն ակտիվ համագործակցություն սկսելու առաջարկով: Առաջին անգամ համագործակցության այդպիսի առաջարկն ընդունվեց բոլոր ներկայացուցիչների կողմից:












