Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Փոփոխությունների անհրաժեշտություն՝ ԼՂՀ պետական բյուջեում

Սեպտեմբեր 10, 2010թ. 18:00

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ խորհրդարանի մյուս հանձնաժողովների անդամների մասնակցությամբ։

Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։

Օրակարգում ՙԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին հարցն էր։

Ներկայացնելով այն, փոխվարչապետը հայտնեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է սոցիալական ու տնտեսական բնույթի մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, կապված ընթացիկ տարում գազի սակագնի բարձրացման հետ՝ կառավարության որոշումներով ս.թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուների թոշակներն ավելացվել են 2500 դրամով, իսկ 2010թ. մայիսի 1-ից՝ արտոնյալ խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնության գումարները՝ 30 տոկոսով։

Բացի այդ, տարվա անցած ամիսներին երկրում գրանցվել է ծնելիության աճ, և ծնելիության խթանման համար տարեկան բյուջեով նախատեսված գումարներն անբավարար են՝ համապատասխան ծրագրերն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ, կապիտալ ներդրումների ծրագրում առկա է լրացուցիչ միջոցների հատկացման խնդիր՝ պայմանավորված առաջնային և ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքները շարունակելու անհրաժեշտությամբ։

Համաձայն օրենքի նախագծի, ասաց նա, նշված ծախսային ծրագրերի ֆինանսավորման դեպքում ԼՂՀ  2010թ.  պետբյուջեի դեֆիցիտը կավելանա 4 մլրդ 590 մլն դրամով, որը կֆինանսավորվի ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին։

Նիստում հնչեցին օրինագծի առանձին դրույթների առնչվող հարցեր, որոնց կապակցությամբ վարչապետն ու փոխվարչապետը հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով։

Ամփոփելով քննարկումների արդյունքները, հանձնաժողովն ընդունեց օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն