Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պատրաստ է հանդիպել մահացած զինծառայող Արտակ Նազարյանի մորը

Սեպտեմբեր 15, 2010թ. 16:08

44ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք նախարարի պատասխանն ամբողջությամբ:

Հարգելի տիկին Հովհաննիսյան,

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը:

Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը 04.09.2010թ. հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժնին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու և նման երևույթները բացառելու համար:

Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել և առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը:

ՀՀ պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան

ArmAr.am


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն