Ի պատասխան Ալիևի հերթական անհեթեթությանը
Պատասխանելով Ալիև կրտսերի հերթական անհիմն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է և այնտեղ դարեր շարունակ ադրբեջանցիներ են ապրել ու արարել», ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է. «Պարզ է, որ Ալիևի ասածը իրականության հետ կապ չունի, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք էլ անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, Խորհրդային միության ժամանակաշրջանում պարգևատրվել էր Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ պարգևը հետ վերցվեց հայերի կողմից: Մնացածը Ալիևի ցանկություններն են, որոնք իրականության հետ կապ չունեն»:
Ի դեպ, Ալիևն այս հայտարություն արել է Թուրքիա կատարած այցի ընթացքում վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Քաղաքագետ Մանոյանը միաժամանակ հիշեցրել է. «Նույնիսկ հայր Ալիևը 2001թվականին, նախքան Քի Վեստ մեկնելը իրենց մեջլիսում նիստ էր հրավիրել` փորձելով նախապատրաստել քիվեստյան համաձայնությանը: Նա ասել էր. «արդեն 10 տարուց ավել է, որ այդ մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզնից անկախ, հիմա ակնկալել, որ պետք է հետ վերադարձնենք, դա մի քիչ շատ է. պետք է առնվազն փորձենք ԼՂ շուրջ գտնվող տարածքները ազատել»,- հիշեցրեց Կիրո Մանոյանը:












