Սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ ժամանել են Արցախ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախորդ օրն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների, որոնք Արցախ են ժամանել «Դեպի Հայք» ոչ կառավարական կառույցի կազմակերպական ջանքերով։
Ինչպես հանդիպմանը հաղորդեց կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Քաբաքյանը, երիտասարդները ներկայացնում են Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Արգենտինայի և Սիրիայի հայկական համայնքները և նպատակ ունեն մոտիկից ճանաչել Արցախը, ծանոթանալ նրա խնդիրներին՝ հետագայում հնարավորինս աջակից լինելու մտադրությամբ։
Ողջունելով «Դեպի Հայք» շարժումը և նրա ծրագրային շրջանակներում կատարված տվյալ այցը, ԱԺ նախագահն իր երիտասարդ զրուցակիցներին հանգամանալի ներկայացրեց Ղարաբաղյան շարժման, ազգային-ազատագրական պայքարի, Արցախում անկախ պետականաշինության անցած տասնամյակների ձեռքբերումները և առկա խնդիրները, Արցախ-Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքներն ու զարգացման հեռանկարները։ «Հուսով եմ, ասաց նա, որ այս և նման այլ ծրագրերի իրականացմամբ էլ ավելի կամրապնդվեն մեր եռամիասնական կապերը, և դուք՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներդ, առավել հստակ պատկերացում կկազմեք հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախահայության ներկա և ապագա խնդիրների մասին»:
Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահը՝ ի պատասխան սփյուռքահայ երիտասարդների տարաբնույթ հարցերի, հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։ Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվական ծառայությունը:
ArmAr.am












