Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ելքը մեկն է` ՃԱՆԱՉՈՒՄ

Սեպտեմբեր 22, 2010թ. 11:47

ArzaxՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2010 թվականի սեպտեմեբրի 19-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Հարգելի  հայրենակիցներ,
1991թ. սեպտեմբերին, հայոց պատմության մեջ աննախադեպ կերպով հայ ժողովուրդը հռչակեց երկու անկախ պետականություն, հետագայում դրանք պաշտպանեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, գոյատեւեց մեկուսացման պայմաններում` այդ ամենի համար վճարելով չափազանց մեծ գին:
ՙԺառանգություն՚ կուսակցության եւ խմբակցության անունից բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ, մեր երկու հայկական պետություններին մաղթում բարօրություն, խաղաղություն եւ հավերժություն: Չնայած, որ Արցախը անկախացավ միջազգային իրավունքին եւ օրենքներին համապատասխան եւ բավարարում է պետությւններին ներկայացվող հիմնական չափանիշներին, այնուամենայնիվ, ի տարբերություն Հայաստանի` այն շարունակում է չճանաչված մնալ անգամ մեր կողմից, ինչը հեգնանքով, թե արդարացիորեն մեզ ցուցանում են միջազգային շրջանակները:
Իսկ մենք այդպես էլ համարձակություն չունեցանք ճանաչել Արցախը մինչ օրս` կորցնելով բազմաթիվ պատեհ պահեր եւ հնարավորություններ. 1992թ., երբ Արցախը ճանաչման խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը եւ մեզ, 1994թ., երբ Ադրբեջանին պարտադրվեց զինադադար կնքել, 1998 եւ 2008թ, երբ Հայաստանում նախագահափոխություն տեղի ունեցավ, եւ նոր նախագահը կարող էր կասեցնել ու փոխել Արցախի կարգավիճակն ու հողերը սակարկության մեջ պահող բանակցային գործընթացի ուղղվածությունը, 2008թ., երբ Կոսովոն, Հարավային Օսիան ու Աբխազիան միակողմանի ճանաչման արժանացան: Նրանց բոլորի անկախությանը տեր կանգնողներ եղան, մինչդեռ Արցախինը` ոչ ոք: Հայաստանն է, որ ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի այդ հարցում:
Վերջին երեք տարիների ընթացքում ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներն երկու անգամ շրջանառության մեջ դրեցին Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Այն, ցավոք, դրական եզրակացություն չստացավ գլխադասայաին հանձնաժողովի, այսինքն խորհրդարանական մեծամասնության կողմից, որպեսզի ինքնաբերաբար ներառվեր ԱԺ օրակարգում: ՙԺառանգությունը՚ հարկադրված եղավ այն արտահերթ հարց ճանաչելու միջոցով օրակարգ մտցնել, որը կքննարկվի հոկտեմբերի 5-ին:
Իսկ իշխանական կուսակցություններն այսօր մեզ ընդդիմախոսում են, թե ճանաչման այս պահը նպատակահարմար չէ, որ ճանաչումը կխոչընդոտի բանակցային գործընթացին, կամ կբերի պատերազմի, կամ ոչինչի չի տա, կամ կարեւորը միջազգային ճանաչումն է:
Այս ամենին կհակադարձեմ հակընդդեմ հարցադրումներով: Եթե այս պահը նպատակահարմար չէ, ապա ե՞րբ է լինելու կամ գալու այդ պահը, ո՞վ է ստեղծելու այն եւ ոտեղի՞ց երաշխիք, որ ստեղծվելու է: Եթե մեր կողմից Արցախի ներկայիս անսակարկելի ու անշրջելի կարգավիճակի ճանաչումը կվնասի Մինսկի խմբի գործընթացին, ապա ինչո՞ւ 2005թ. ԵԽԽՎ-ում, 2008թ ՄԱԿ-ում, 2010թ. Եվրոպական խորհրդարանում ընդունված բոլորիս հայտնի բանաձեւերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավաբանական ամրագրումը չխոչընդոտեց բանակցային գործընթացին: Չէ՞ որ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա չէ ինքնորոշման սկզբունքի հանդեպ, ինչպես սիրում են կրկնել մեր իշխանությունները: Մի՞թե պարզ չէ, որ Արցախի չճանաչվածության պայմաններում, երբ մենք խուսափում ենք օրինականցնել այն, Ադրբեջանն օգտվում է դրանից եւ ամրագրում իր իրավունքը, իսկ միջազգային հանրությունը դա հանդուրժում է: Մի՞թե պարզ չէ, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մեկ չի ճանաչելու եւ հետեւաբար միջազգային ճանաչման մասին խոսելն անիմաստ է: Մի՞թե պարզ չէ, որ անկախ նրանից, մենք ճանաչել ենք, թե չենք ճանաչել, Ադրբեջանը պատերազմի կգնա միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ կհաղթի մեզ, եւ կմարսի իր հերթական ռազմական ագրեսիան:

Հետեւաբար ելքը մեկն է` ՃԱՆԱՉՈՒՄ:
Շնորհակալություն:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն