Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ

Սեպտեմբեր 22, 2010թ. 13:26

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով հովվապետական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան թեմ, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նորին Սրբությանը ուղեկցում էին` Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի ՙԷջմիածին՚ պաշտոնական ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը և Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, իբրև գավազանակիր:
Մինչ հովվապետական այցի մեկնարկը՝ սեպտեմբերի 9-ին, Բոստոնում, հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի՝ ՙՀայ ժառանգության զբոսայգու՚ հիմնօրհնեքը, որին մասնակցում էին Մասաչուսեթսի նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ Մասաչուսեթսի նահանգապետ Դըվալ Պատրիկի: Նույն օրը Նորին Սրբությունը, ընդառաջ թեմակալ առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմական խորհրդի հրավերի, մեկնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ, Լոս Անջելես` հանդիսապետելու Բըրբենքում Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը:
Սեպտեմբեր 11-ին ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի կատարվեց Սրբոց Ղևոնդյանց Մայր եկեղեցու օծումը` առընթերակայությամբ 12 եպիսկոպոսների: Հընթացս արարողության օծվեց նաև հատուկ խաչքար-հուշակոթող՝ ի հիշատակ 2001թ. սեպտեմբեր 11-ին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած եղերական դեպքերի պատճառով անմեղ զոհերի: Հանդիսությանն իր մասնակցությունն էր բերել Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան:
Սեպտեմբեր 12-ին, Խաչվերացի տոնին, նորաօծ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց թեմի բարեպաշտ ժողովրդին: Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի տրվեց պաշտոնական ճաշկերույթ:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը տարբեր հանդիպումներ ունեցավ թեմական խորհրդի, թեմի եկեղեցականների, թեմական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար հայորդիների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն