Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարության

Սեպտեմբեր 23, 2010թ. 11:35

Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը արձագանքել է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին.

Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման փաստը:

«Աղքատությունն Ադրբեջանում 2005 թվականին գրանցված 29,3 տոկոսից 2010 թվականին նվազել է մինչև 11 տոկոս»,- ասել է նախարարը:

Բացի այն, որ ՔԶՀԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս 2005 թվականին Ադրբեջանի աղքատության 35 տոկոս ցուցանիշ, առանձնահատուկ նշում ենք, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով, ադրբեջանական բնակչության շուրջ 11,5 տոկոսը գտնվում է չքավորության, այսինքն` աղքատության շեմից էլ ցածր պայմաններում:

«Գործազրկությունը նույնպես նվազել է. 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009 թվականին 6 տոկոս է կազմել»,-նշել է նախարարը:

Թեև գործազրկության կրճատման տոկոսները բարձր են, բայց հարուստ և աղքատ խավերի միջև ճեղքը Ադրբեջանում աստիճանաբար ավելի է մեծացել. հատկապես հարկ է հաշվի առնել այն փաստը, որ զբաղվածության միայն նավթային ոլորտն է գերակա, մինչդեռ տնտեսական մյուս ճյուղերում թերզարգացած վիճակ է:

Ադրբեջանական բնակչության շուրջ 5 տոկոսը բարձր դասին է պատկանում (ապրում է չափազանց ճոխության մեջ), մինչդեռ բնակչության 70-75 տոկոսն ապրում է ցածր աշխատավարձերով և աղքատության մեջ:

Բացի այդ, ՔԶՀԿ հետազոտություններով հայտնի է դարձել, որ 2003-2009 թթ. ստեղծված աշխատետեղերի միայն շուրջ 70 տոկոսն է մշտական, մնացածը` կարճաժամկետ և պայմանագրային են: Իսկ մշտական աշխատատեղերի շուրջ 95 տոկոսը նավթային ոլորտն է ընդգրկում, ինչը վկայում է Ադրբեջանի տնտեսության անհահամասնական զարգացման մասին, և միաժամանակ կանխորոշում 2012 թվականի շրջաններում նավթային պաշարների կրճատմամբ պայմանավորված տնտեսական անկման ու սոցիալական ճգնաժամի զարգացման հնարավորությունը:

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն ապահովում է աշխատանքային միավորումներ ստեղծելու իրավունքը, որը, սակայն, գործնականում սահմանափակված է:

Մամեդյարովը նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, պետական միջոցներ են հատկացվել մայրական առողջությանը նպաստելու և մանկական մահացությունը կրճատելու ուղղությամբ, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե:

Ադրբեջանցի նախարարը, սակայն, խուսափել է նշել կանանց ու երեխաների խնամքի հետ անմիջականորեն կապված առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, որտեղ անկառավարելիությունն ու ծառայությունների որակը դեռևս վատթար վիճակում են: Խնդիրներ կան նույնիսկ հիվանդանոցային անկողինների քանակի ապահովման գործում: Ծննդաբերական բաժանմունքներում ծաղկում է կաշառակերությունը, որի շնորհիվ է հիմնականում ապահովվում առողջապահական ծառայությունների մատուցումը:

Աղքատ գյուղական բնակավայրերը հիմնական առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելիություն չունեն: Գյուղեր կան, որ կա’մ (նույնիսկ) չունեն կլինիկա, կա’մ բնակիչներն ի վիճակի չեն վճարելու ծառայության կամ դեղերի համար:

Բացի այդ, մանուկների մահացության թիվը (IMR)` (1 տարեկանից ցածր) կազմում է շուրջ 56 (1000 ծնունդի հաշվով), որոնցից 65 տոկոսը տղա են:

Վահան Դիլանյան, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն