Հայաստանի անկախության տոնը նշվել է աշխարհի մի շարք երկրներում
Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել աշխարհի մի շարք քաղաքներում
Սեպտեմբերի 21-ին Բուխարեստի Ազգային Օպերայի սրահում հանդիսավորապես նշվեց Հայաստանի Ազգային տոնը, որին ներկա էին Ռումինիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, սենատորներ եւ պատգամավորներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, արվեստի, գիտության եւ տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ ռումինահայեր:
Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ Բուխարեստի Ազգային Օպերայի սրահում երաժշտական ծրագրով հանդես եկավ Աննա Մայիլյանի էթնո-վոկալ տրիոն` ունկնդիրներին ներկայացնելով միջնադարյան հայ հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտության գոհարներ:
Միաժամանակ Օպերայի ճեմասրահում կազմակերպվել էր նաեւ Անդրեա Տանասեի լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված Ռումինիայում հայոց դարավոր ներկայությանը եւ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությանը:
«Հայ-ռումինական հարաբերությունները հիմնվում են Ռումինիայում հայոց դարավոր ներկայության եւ ստեղծված ամուր կապերի վրա: Դարերի ընթացքում հայերը միաձուլվել են ռումին ժողովրդի հետ, միասին պայքարել նրա ազատության համար, միասին կերտել այս գեղեցիկ երկիրը, եւ անհնար է առանց հուզմունքի նայել բարեկամության եւ եղբայրության այս վկայություններին,- իր ելույթի մեջ ասաց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:- Եզրակացությունը, որը կարելի է անել սրանից, հետեւյալն է. ներկա սերնդի պարտքն է փայփայել եւ հոգ տանել այդ թանկագին գանձի նկատմամբ, որը մեկ օրում հնարավոր չէ ստեղծել, եւ այն հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար», ասաց դեսպանը:
Նույն օրը, Բուխարեստի «Nine O’Clock» անգլալեզու օրաթերթում հոդված էր լույս տեսել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել էին շնորհավորական ուղերձներ Ռումինիայի Սենատի փոխնախագահի, տրանսպորտի նախարարի, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների եւ անհատների անունից:
Մինչ այդ, սեպտեմբերի 18-ին եւ 19-ին Աննա Մայիլյանի էթնո-վոկալ տրիոն ելույթներով հանդես եկավ Բուխարեստում` Կոմպոզիտորների միության սրահում եւ Կոնստանցայի Արվեստի Ազգային կոլեջի Ռեջինա Մարիա սրահում:
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հարցերի պետքարտուղար Լասլո Սասֆալվիի հովանավորությամբ Հունգարիայի հայ ինքնավարությունը Բուդապեշտում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն: Ծրագրում «Մալխաս ջազ բանդ» խմբի համերգն էր` Լեւոն Մալխասյանի ղեկավարությամբ:
Միջոցառմանը ելութ ունեցան դեսպան Աշոտ Հովակիմյանը, պետքարտուղար Լասլո Սասֆալվին եւ Հունգարիայի հայ ինքնավարության նախագահ Ադամ Սարգսյանը` ներկաներին շնորհավորելով Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ:
Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն:
Միջոցառմանը մասնակցում էին Հունգարիայի պաշտոնական եւ հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-ին Բուենոս Այրեսի «Արմենիա» փողոցի վրա գտնվող «Սիրանուշ» հանդիսությունների սրահում Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին:
Իրենց շնորհավորանքները դեսպան Կարմիրշալյանին հայտնեցին Արգենտինայի կառավարության ու Ազգային կոնգրեսի անդամներ, նահանգային եւ մայրաքաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, արտաքին գործերի նախարարության ղեկավար պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի բոլոր կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, հայտնի գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հայաստանի դեսպանին եւ նրա միջոցով` ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ էին հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, արտաքին գործերի նախարար Հեկտոր Թիմերմանը, այլ պետական ու քաղաքական գործիչներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` Անկախության 19-րդ տարեդարձի առիթով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Մուզա» մշակութային կենտրոնում կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մ. Մաճավարիանին, փոխվարչապետներ Գ. Բարամիձեն եւ Թ. Յակոբաշվիլին, արտաքին գործերի փոխնախարարներ Դ. Ջալաղանիան եւ Ն. Կալանդաձեն, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների եւ վիրահայության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն, որոնք մասնավորապես նշեցին հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման, հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամական ավանդույթների պահպանման կարեւորությունը:
Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Հոլիվուդի «Եգիպտական» թատրոնում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Կալիֆորնիայի նահանգային, Լոս Անջելեսի քաղաքային կառավարման մարմիններից, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ մշակույթի հայտնի դեմքեր, համայնքային կազմակերպությունների, կրթական օջախների, տեղի հայկական եւ օտար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հռոմի կենտրոնական` Հանրապետության հրապարակում (Piazza della Repubblica) գտնվող հռչակավոր «Basilica di Santa Maria degli Angeli e dei Martiri» եկեղեցում Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Սբ.Գեղարդ վանքի» երգչախմբի կատարմամբ:
Միջոցառման բացմանը Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը նշեց. «Հայաստանի անկախության այս կարեւոր տարեդարձը հայկական միջնադարյան հոգեւոր երաժշտության համերգով նշելու գաղափարը պատահական չէ: Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին պետություն, Հայաստանը իր մեծ ներդրումն է ունեցել Եվրոպայում, այդ թվում` Իտալիայում քրիստոնեության քարոզչության տարածման գործում: Այդ մասին են վկայում իտալական տասնյակից ավելի քաղաքները հովանավոր հայ սրբերը ու նրանց նվիրված եկեղեցիները Իտալիայի ողջ տարածքում: Իտալիան միշտ եղել եւ շարունակում է մնալ ամենամտերիմ ու հոգեհարազատ երկիրը հայերիս համար ինչպես ընդհանուր պատմությամբ, այնպես էլ մշակութային եւ հոգեւոր փոխլրացնող հարուստ ժառանգության շնորհիվ»:
Համերգին ներկա էին Իտալիայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Իտալիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ԱԳՆ դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ եւ իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-ին Կահիրեում Հայաստանի դեսպանություն է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ Հաթեմ Քինաուին, որը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել ԵԱՀ նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին
հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցում էին Ուկրաինայի Նախագահի աշխատակազմի, կառավարության անդամներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, Կիեւի քաղաքապետը, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, գիտության, մշակույթի, ստեղծագործական միությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ներկա էին նաեւ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներ, ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպաններ, ԱՄՆ դեսպանի առաջին տեղակալը, դիվանագիտական կորպուսի անդամներ:
Ողջունելով հյուրերին` Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշեց. «Անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, որը հնարավորություն է տալիս ազատ եւ անկախ կառուցել մեր երկրի ապագան»:
Անդրադառնալով հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամությանը` նա ընդգծեց, որ այն ունի հազարամյա պատմություն եւ այդ ժամանակաընթացում հայերը վիթխարի ներդրում են ունեցել եւ այսօր էլ շարունակում են ունենալ Ուկրաինայի զարգացման գործում:
Դիմելով հայրենակիցներին` դեսպանը շեշտեց, որ անկախությունը բարձրագույն արժեք եւ մեծագույն բարիք է եւ կոչ արեց ակտիվորեն մասնակցել Հայաստանի պետականության զարգացման ու ամրապնդման գործին:
Սեպտեմբերի 13-ին Բելառուսի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերության, Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերության եւ Հայաստանի դեսպանության համատեղ ուժերով Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության տանն անցկացվեց հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Անկախության 19-րդ տարելիցին։ Ներկաների թվում էին Բելառուսի արվեստի անվանի գործիչներ, բելառուսահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դեսպանության դիվանագետներ։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին տարբեր ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության զարգացման արդի գործընթացներն ու նախանշված ծրագրերը։ Ելույթներով հանդես եկան նաեւ Բելառուսի ճանաչված մտավորականներ` ջերմագին ողջույններ հղելով բարեկամ հայ ժողովրդին հայրենի երկրի անկախության տոնի առիթով։ Գեղարվեստական մասում հնչեցին հայ բանաստեղծների եւ երգահանների ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 20-ին Բելառուսի Հանրապետության մամուլի ազգային կենտրոնում կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
Բացման խոսքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անկախության 19 տարիների անցած ուղին, երկրի ներքաղաքական զարգացումները, տնտեսական կացությունը եւ առաջընթացի նախադրյալները, հայ-բելառուսական հարաբերություններում հաստատված բարեկամական մթնոլորտը եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ծավալները։
Բելառուսում Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները պսակվեցին սեպտեմբերի 21-ին Մինսկի «Պլանետա» հյուրանոցում կայացած Բելառուսում Հայաստանի դեսպանության պաշտոնական ընդունելությամբ:
Ընդունելությանը ներկա հյուրերի թվում էին Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, հոգեւոր հայրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Բելառուսի հասարակական, մշակույթի գործիչներ, հայազգի տաղանդաշատ երգիչներ, բելառուսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներկաների թվում էին նաեւ ԲՀ խորհրդարանի նախագահի տեղակալ, Հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի համանախագահը, ԲՀ ԱԳ նախարարի տեղակալը, բարձրաստիճան պաշտոնյաներ այլ նախարարություններից եւ պետական կառույցներից: Բացման խոսքով հանդես եկան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը եւ ԲՀ փոխարտգործնախարար Անդրեյ Եվդոչենկոն:













