Է. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ մասնակցել ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը:
ԱԳ նախարարի Նյու-Յորք այցի երրորդ օրը եւս հագեցած է եղել տարբեր ձեւաչափերի հանդիպումներով: Սեպտեմբերի 23-ի առավոտյան նա հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Է. Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին է հանձնել «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը:
Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը նրան է փոխանցել Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Էդվարդ Նալբանդյանը հնդիպել է նաեւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ եւ քննարկել հաջորդ ամիս Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները:
Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում վերջինս տեղեկացրել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը Դրուցկասը նշել է, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:
Նույն օրը Է. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մինչ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի իր գործընկերոջ հետ:
Նույն օրը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ ամիս առաջ Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին կայացրած որոշումների իրականացման գործընթացը, քննարկվեցին կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման աշխատանքները:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարն ասել է, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով, Հոշյար Զեբարին ներկայացրել է Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:
Սեպտեմբերի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը:
ArmAr.am












