Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Տնտեսական բարեփոխումների հիմքը բարոյական նորմերն են

Սեպտեմբեր 24, 2010թ. 17:38

DSC00791Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունենալով, նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը նկատեց, թե եկել է խելք խելքի տալու և ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու գտնելու ժամանակը:

«Ի վերջո, անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ կատարվեց հայ հասարակության հետ, ինչպե՞ս պատահեց, որ 1988-94 թթ. հանդես բերելով ոգու և կամքի փայլուն դրսևորումներ, այժմ չենք ճանաչում ինքներս մեզ, մեր երկիրը, քաղաքը և ժողովրդին:

Իսկապես, մենք փոխվել ենք: Այն հասարակությունը, որն ընդվզեց 1988-ին և վերստեղծեց հայոց պետականությունը, այլևս չկա: Ժողովուրդը նույնն է, իսկ հասարակությունը` ոչ:

Կատարեմ մի փոքր անդրադարձ մեր ոչ վաղ անցյալից. 80-ականների վերջին Հայաստանում ապրում էր մի հասարակություն, որն ուներ այն, ինչ կարելի է անվանել միջին խավ: Հասարակության 70-80 տոկոսը իր եկամուտներով, կենցաղով, հայեցակարգով ուներ քաղաքակրթական, աշխարհայացքային և քաղաքական ընդհանրություն, իսկ կուսակցական նոմենկլատուրան և լյումպենը, պարզ ասած` քրեական տարրերը, դոմինանտ դեր չէին խաղում հասարակության մեջ: Ոչ խորհրդային պաշտոնական գաղափարաբանությունը, և ոչ էլ քրեականների աշխարհընկալումը դոմինանտ չէին, այլ հակառակը` ժողովրդի կմախքը կազմող մեծամասնությունը պարտադրում էր ապրելաձևի իր կանոնները, մշակութային ճաշակը, ազգային էթիկան և էսթետիկան: Կարևոր չէր, թե ինչպիսին էր այն, յուրահատկություններով և թերություններով հանդերձ, կարևորն այն էր, որ դա քրեական, այսինքն` ապադասակարգայնացված տարրերի մշակույթ չէր, իսկ պաշտոնական կոմունիստական քարոզչությունը այդ ընթացքում նպատակային չէր և վերածվել էր ձևականության և խորքային իմաստներ չէր հետապնդում:

Բացի այդ, մեր հասարակությունը իր բոլոր առանձնահատկություններով և բացառություններով, այնուամենայնիվ, կայսրության պրոյեկտ էր, կայսրությանը յուրահատուկ կրթական, ընդհանուր մշակութային, աշխարհայացքային շեշտադրումներով»:

Ինչպես նկատեց բանախոսը,  բարեփոխումների շրջանում չընկալվեց, որ տնտեսական բարեփոխումների հիմքը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդկային համակեցության ձևի հիմքը բարոյական նորմերն են, էթիկան, ի վերջո, հասարակությունը, սոցիումը: Սոցիումը ավելի կարևոր է, քան նույնիսկ տնտեսական աճը, առավել քան քսան կամ քառասուն մեծահարուստների ընտանիքները:

Հետայսու, մեր կարծիքով, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դոմինանտ ուղղություններն են միջին խավի, արտադրության մեջ զբաղված և պետական բյուրոկրատիայից անկախ քաղաքացիների ստվար զանգվածի վերականգնումը նպատակասլաց սոցիալ-տնտեսական քաղաքականության միջոցով: Եվ այո, մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես երկիր-պրոյեկտ: Կարիք չկա վախենալ մեծ և պատվախնդիր ծրագրերից, քանզի վստահ ենք, որ մենք կմնանք կամ որպես պրոյեկտ կամ ընդհանրապես ոչինչ չի հաջողվի:

Վերադառնալով ներկային` հասկանալի է, որ ստեղծված պայմաններում խոսել կուսակցությունների մասին, հատկապես լիբերալ ուղղվածությամբ կուսակցությունների մասին, անիմաստ է, քանի որ քաղաքական կազմակերպությունների համար բացակայում է սոցիալական բազան` միջին դասակարգը: Այստեղ էլ իր դերն է խաղում նաև հասարակության բարոյալքումը, որը հետևեց դեսոցիալիզացիային: Եվ ունենալով ստվար, աղքատ զանգված, այդ զանգվածում ենք տեսնում առավել նվազ քաղաքական գիտակցություն, ի տարբերություն քիչ թե շատ ապահով խմբերի: Այս իրարամերժությունը ունի երկու պատճառ.

– վերջին տարիներին քաղաքական դաշտում գործող կուսակցությունները, թե աջ, թե ձախ կողմնորոշմամբ, անկարող եղան մոբիլիզացնելու և առաջնորդելու այդ զանգվածին, ինչը հիասթափություն առաջացրեց, աջերը` գաղափարախոսական կարծրացած պատկերացումներից, ձախերը` անձնական մորթապաշտությունից ելնելով,

-իշխանավորների` լյումպենացման նպատակասլաց քաղաքականության հետևանքով առավել աղքատ խավերը առավել ապաքաղաքականացվածն են և ապատեղեկացվածը:

Մենք չենք պատրաստվում կառուցել ոչ լիբերալիզմ, ոչ սոցիալիզմ, մենք ուզում ենք կառուցել Հայաստանը, մենք չենք ուզում ղեկավարել Հայաստանը, մենք ուզում ենք պայմաններ ստեղծել հասարակության ինքնակազմակերպման և ինքնաղեկավարման համար, և այդ նպատակին հասնելու համար ծրագրում ենք ոչ միայն սոցիալ-տնտեսական բարեփոխումների տրամաբանությունը, այլև օրենսդրական, սահմանադրական հիմքերի ստեղծումը:

Այս գործընթացում ամենակարևոր հարցերն են. ո՞վ և ինչպե՞ս:

Ո՞վ: Դուք, մենք, բոլորս, որովհետև այդ գործը ոչ ոք մեր փոխարեն չի անելու, և միմիայն մեզնից է կախված մեր ապագան, ամենքից և յուրաքանչյուրից»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն