Օրենքի փոփոխությամբ կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագիծը մշակվել է` ի կատարումն ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների» ծրագրի։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ «Մենք երկար ժամանակ և հանգամանորեն քննարկել ենք այս նախագիծը, որով մտադիր ենք լուծել նաև որակական խնդիրներ,- ասել է ՀՀ վարչապետը, – արտոնագրման որոշ գործառույթներ նմանվում էին ստուգման։ Այժմ, խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը, կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»։
Կառավարության հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը և աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համահունչ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումներին, քանի որ մեծացնում է հսկողությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ։ Տեղեկանալով, որ պարտադիր աուդիտի արդյունքները ներկայացնող 500 խոշոր ընկերություններ կատարել են օրենքի այդ պահանջը, բայց կան փոքրաթիվ թերացողներ, վարչապետը նպատակահարմար է համարել դրանց անունների հրապարակումը մամուլում` ի տես հանրության։












