Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հանդիպել են Արցախի և Հայաստանի ԱԺ փոխնախագահները

Սեպտեմբեր 27, 2010թ. 16:30

Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի հետ։
Ողջունելով աշխատանքային այցով ժամանած գործընկերոջը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության ազգաշահ բնույթն ու այդ ասպարեզում ձևավորված ավանդույթները։ Այդ համատեքստում, որպես թարմ օրինակներ, նա վկայակոչեց ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ անդամների մասնակցությունն օրերս ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անցկացրած խորհրդարանական լսումներին, ինչպես նաև ներկա հանդիպումը խորհրդարանների փոխնախագահների ձևաչափով։ Ձեր այս այցը, ասաց նա, վերջերս Երևանում կայացած մեր հանդիպումների օրգանական շարունակությունն է, այնտեղ մեր ունեցած զրույցների թեմատիկ ընդգրկումների տրամաբանական զարգացումը։
Իր հերթին, ՀՀ ԱԺ փոխնախագահը, նույնպես կարևորելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն անցած տարիներին, միևնույն ժամանակ ընդգծեց, որ չպետք է բավարարվել առկա արդյունքներով, քանզի անելիքներն ավելի շատ են, քան ձեռք է բերվել։
Զրույցի ընթացքում շոշափվեցին հայկական երկու խորհրդարանների միջև ավանդական փոխգործակցության հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիներն ու միջոցները, ուրվագծվեցին այդ առումով առաջիկա անելիքները։
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Զոյա Լազարյանը և Արպատ Ավանեսյանը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության  ԱԺ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն