ԼՂՀ կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցի` ԼՂՀ 2011-2013 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կապակցությամբ կառավարության ղեկավարը իր ներածական խոսքում նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գործադիրը չի հաստատել 2010-2012 թթ. համար նմանատիպ փաստաթուղթ` հնարավոր չէր կանխատեսել եկամտային ու ծախսային հիմնավոր տվյալներ: Այժմ կա նման հնարավորություն և առաջարկվում է մի ծրագիր, որ բավական իրատեսական է, թեպետ այն լրիվ չի արտացոլում կառավարության կողմից նախատեսվող բոլոր քայլերը` պարզաբանել է Ա.Հարությունյանը:
Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները` ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանը ընդգծել է, որ փաստաթղթի համաձայն` ԼՂՀ կառավարությունը առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները.
ԼՂՀ միջազգային ճանաչում, ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովում,
պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի արդյունավետ կառավարման համակարգի ձևավորում և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորում,
կրթության և գիտության զարգացում,
տարածքային համաչափ զարգացում,
ԼՂՀ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն:
Չնայած վերջին տարիների ընթացքում արձանագրվել է տնտեսական բարձր աճ, նախատեսվում է 2011-2013 թթ. համար ՀՆԱ-ի 9-11% իրական աճ, որը հնարավորություն կտա լուծել տնտեսական և սոցիալական մի շարք հիմնախնդիրներ: Կառավարությունը ծրագրում է ծախսերի տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 50.1 – 43.6% -ի սահմաններում: Կանխատեսվում է, որ 2013թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն ավելի քան 69 մլրդ դրամ:
Մանրամասնելով սոցիալական ծրագրերի առանձին նախանշումներ` Ս.Թևոսյանը մասնավորապես նշել է, որ 2011թ. նվազագույն աշխատավարձը կլինի 32 հազար դրամ: Պետական կառավարման համակարգում և կրթության ոլորտում գալիք տարի աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու առողջապահական համակարգին. այստեղ ֆինանսական մեծ ներդրումներ են կատարվելու ինչպես ոլորտի արդիականացման, նույնպես և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղություններով:
Գործադիրը հաստատեց ԼՂՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը կներկայացվի խորհրդարան` ի գիտություն:
Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ԼՂՀ երկրաբանական լաբորատորիային անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 5 մլն 835 հազար 868 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ետ վերցնել և ամրացնել ՙԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկին: Նման քայլը թելադրված է հիշյալ նախարարության կառուցվածքային փոփոխությամբ:
Քննարկվել է գերատեսչական ենթակայության ևս երկու հարց: Ընդունված որոշումներով` ԼՂՀ ՙՍեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն՚ և ՙԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ները փոխադրվել են ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ենթակայության ներքո, դուրս գալով, համապատասխանաբար, տնտեսական զարգացման նախարարության և ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության համակարգերից:
Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ 2010-2011 ուսումնական տարվա պետական հանրակրթական, մանկապատանեկան արտադպրոցական և նախադպրոցական, բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների ներկայացված ցանցին: Որոշմամբ` Ասկերանի շրջանի Դահրավի, Մարտունու շրջանի Քարահունջի, Քաշաթաղի շրջանի Արծվաշենի, Շուշիի շրջանի Հին շենի միջնակարգ դպրոցները վերակազմավորվել են հիմնական դպրոցների: Հաստատված ցանկով` ընթացիկ ուս. տարում հանրապետությունում ընդհանուր առմամբ գործում է 227 դպրոց: Սովորողների ընդհանուր թիվն անցնում է 20 հազարից: Արտադպրոցական և նախադպրոցական հաստատությունների թվաքանակը համապատասխանաբար հավասար է 6-ի և 27-ի: Արցախում գործում են երկու արհեստագործական ուսումնարան և չորս միջին մասնագիտական ուս. հաստատություն: Կրթության և գիտության փոխնախարար Ս.Ասրյանի խոսքով` այս տարի լիարժեք ընդունելություն է կատարվել արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հիմնարկներում:
Առանձին որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Մարտակերտի շրջանի ՙՎանքի պետական մանկապարտեզ՚ ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշմանը և հատկացրել 6 մլն 822 հազար 500 դրամ` մանկապարտեզի ծախսերը հատուցելու համար:
Նիստում հաստատվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների նոր ցանկը: Առողջապահության նախարար Ս.Մովսեսյանի ներկայացմամբ` նախկին ցանկը կրճատվել է չորսով և այժմ վտանգավոր հիվանդությունների թիվը հասնում է 31-ի:
Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ: Ըստ այդմ` առկա է 1 մլն 143 հազար հա հող, որից գյուղատնտեսական նշանակության` շուրջ 595 հազար հեկտար: Ոռոգովի հողատարածքները գերազանցում են 5 հազար հեկտարը: Այս ցուցանիշի առիթով վարչապետը նկատել տվեց, որ փաստացի ոռոգովի վարելահողերը զգալիորեն շատ են. փաստաթղթում գրառված թիվն իր մեջ ներառում է պայմանագրային ոռոգովի հողատարածքները միայն:
Առանձին որոշումներով գործադիրը փոփոխություններ է կատարել Ասկերանի շրջանի Նորագյուղի, Իվանյանի, Ստեփանակերտի, Մարտունու շրջանի Բերդաշենի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողակտորների կատեգորիաները:
Գործադիրը նիստում փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ՙԹանկարժեք մետաղների մասին՚, ՙԼիցենզավորման մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ և ՙԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին՚ ԼՂՀ օրենքներում: Մասնավորապես, առաջարկվում է Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքում ներառել նաև Նոր Ջրաբերդ գյուղը: Հավանության արժանացած օրինագծերը կներկայացվեն ԼՂՀ ԱԺ քննարկմանը:
Նիստի վերջում փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը կառավարության անդամների ուշադրությունը սևեռեց գալիք տարվա պետբյուջեի կազմանն առնչվող որոշ խնդիրների վրա:












