Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ալիևը զայրույթը փոխել է «ողորմածության»

Սեպտեմբեր 30, 2010թ. 12:09

00Ադրբեջանում կատարվում  է ևս մի փորձ՝ մոլորության մատնելու միջազգային կազմակերպություններին: Վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հրապարակային ճառերում կարելի է նկատել մինչ այժմ ծայրահեղ կոշտությամբ աչքի ընկնող հայտարարությունների որոշ մեղմացման նշաններ։ Մասնավորապես, վերջերս նա արտահայտվեց այն իմաստով, թե հայ փախստականները նույնպես կարող են վերադառնալ Ադրբեջանում իրենց նախկին բնակության վայրերը, թեև նախկինում խոսում էր բացառապես ադրբեջանցի հարկադիր վերաբնակների՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին։

Խոստովանենք՝  Ադրբեջանի ղեկավարի խոսքերում նման մաժորային -կառուցողական նոտաները մեծ  հազվադեպություն են, և այդ պատճառով արդեն դրանք կասկածներ և նույնիսկ անվստահություն են հարուցում։ Եվ նման վերաբերմունքը լիովին հասկանալի է, քանզի մենք արդեն վաղուց, և միանգամայն արդարացիորեն, դադարել ենք հավատալ Ադրբեջանի ղեկավարների խոսքերին, որոնք երբեք աչքի չեն ընկել իրենց անկեղծությամբ, եթե չասենք ավելին…

Իսկ ի՞նչն է  Իլհամ Ալիևին մղել նմանատիպ բացախոսության։ Կարող է պարադոքսային թվալ, բայց առաջին հերթին՝ հենց նրա առաջարկության անիրականությունը, ցնորականությունը։ Քանզի Ալիևն ինքն էլ է հիանալի գիտակցում նման գաղափարի անիրագործելիությունը, իսկ նշանակում է՝ նաև որևէ ռիսկի բացակայությունը նրա համար։ Բացառված չէ, որ նա հայ փախստականների վերադարձի հնարավորության մասին խոսել խիզախել է Անկարայի խորհրդով, որը նրանից ավելի լավ է զգում քաղաքական կոնյունկտուրան և հասկանում, թե այժմ ինչ է Ադրբեջանից լսել ցանկանում աշխարհը, որին արդեն սաստիկ ձանձրացրել են Բաքվի անվերջանալի ռազմատենչ սպառնալիքները։ Անկարան էլ, հավանաբար, Ալիևին խորհուրդ է տվել ավելի զիջողական ու համաձայնողական լինել։ Այլ խոսքով, Ալիևն իր ոչինչ չպարտավորեցնող հայտարարություններով մտադրվել է «խաղաղարարի» պատմուճան հագնել և դրանով իսկ քարոզչական շահաբաժիններ վաստակել։ Որոնք, ինչպես նրան է թվում, այնուհետև կարելի է կոնվերտացիայի միջոցով վերածել լիարժեք քաղաքական արժույթի և նրա օգնությամբ շահել միջազգային կառույցների բարյացակամությունը, և, ամենից առաջ, ՄԱԿ-ի. չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՄԱԿ-ի ձևաչափ տեղափոխելը նա վաղուց է երազում։ Ալիևի երեսպաշտությունն ավելի քան հասկանալի է, սակայն անհասկանալի է միջազգային միջնորդների վարքի տրամաբանությունը, որոնք հակամարտության կարգավորման համատեքստում համառորեն խոսում են փախստականների վերադարձի մասին, և հետո միայն՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին։ Զուտ ենթադրական կերպով պատկերացնենք, թե «գործընթացը մեկնարկեց»։ Չէ՞ որ ակնհայտ է, որ դա արյունահեղությամբ է հղի։ Հակամարտության կողմերից ոչ մեկի հասարակությունը պատրաստ չէ «ընդունել» փախստականներին, ինչը լիովին կարելի է դասել Ադրբեջանի «ծառայությունների» թվին, որի քարոզչական մեքենան երկար տարիներ ի վեր թշնամանք է սերմանում երկու ժողովուրդների միջև։ Արդյո՞ք կարելի է այսօր ընդհանրապես խոսել ժամանակակից Ադրբեջան հայ փախստականների անվտանգ վերադարձի մասին, որտեղ դաժան ամբողջատիրական ռեժիմ և կատաղի այլատյացություն է թագավորում։ Հռետորական հարց է։ Միջազգային իրավունքը միանշանակ արգելում է մինչև հիմնախնդրի վերջնական լուծումը հակամարտության զոհերին վերստին վտանգի ենթարկել։

Վերհիշենք, թե ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբին այն ժամանակ դեռեւս խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը հայկական Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը ադրբեջանցի բնակչության օգտին փոխելու նպատակով անմարդասիրական, ավանտյուրային քայլի դիմեց և Ուզբեկստանի հակամարտային գոտուց այստեղ վերաբնակեցրեց մսխեթցի թուրքերին՝ գործնականում նրանց դարձնելով իր ազգայնական քաղաքականության պատանդներ, իսկ ավելի ճիշտ՝ զոհեր։ Արդյունքում՝ այդ մարդկանց կրկնակի այրեց ազգամիջյան երկպառակության կրակը, և այդ քաղաքական անպատասխանատվության համար պատասխանատվությունը միայն ու միայն Բաքուն է կրում։

Կարծում ենք, և՜ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և՜ ՄԱԿ-ի ղեկավարությունը իրենց հաշիվ են տալիս այն բանում, որ մինչև հիմնախնդրի վերջնական լուծում փախստականների վերադարձի դեպքում Հարավային Կովկասին սպառնում է «բալկանացում» կամ էլ նույնիկ, եթե կարելի է այսպես արտահայտվել, «պաղեստինացում»։ Չէ՞ որ հակամարտությունները Բալկաններում շարունակել են մխալ, իսկ Մերձավոր Արևելքում տասնամյակներ ի վեր էլ ամենևին չեն մարում հենց այն պատճառով, որ այնտեղ էթնատարածքային տարանջատում չի կատարվել, այլ գոյություն են ունեցել էթնիկական միջնատարածքներ (անկլավներ) օտար պետական կազմավորումներում։ Տվյալ համատեքստում, ի դեպ, լիովին հասկանալի է Իսրայելի սկզբունքային դիրքորոշումը՝ թույլ չտալ պաղեստինցիների վերադարձ Երուսաղեմ ՝ չնայած միջազգային ընկերակցության ճնշմանը, քանի որ իրադրության նման զարգացումն այնտեղ համարում են չափազանց վտանգավոր։

Լավ է դա թե վատ, բայց ղարաբաղյան հակամարտության դեպքում  տեղի է ունեցել հայ և ադրբեջանական ժողովուրդների և՜ էթնիկական, և՜ քաղաքական, և՜ տարածքային տարանջատում։ Եվ միջազգային ընկերակցությանը հազիվ թե արժե Բաքվի փոխանցմամբ այստեղ փախստականների վերադարձով գիտափորձ կատարել, որի հետևանքներն ավելի քան ակնբախ են։

Ի դեպ, վերջերս  «Սիգմա» վերլուծական կենտրոնի կատարած  հետազոտությունը բացահայտել է ադրբեջանցի հարկադիր վերաբնակների բացասական վերաբերմունքը  Լեռնային Ղարաբաղում իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հեռանկարին. նրանց սոսկ 10%-ն է վերադառնալու ցանկություն հայտնել։ ԼՂՀ-ն հետևողականորեն կառուցում և ամրապնդում է անկախ պետականությունը և իր միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում։ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի հարցը կարող է լուծվել միայն Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքում։ Վերը հիշատակված 10%-ի ՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունն ընդունելու պարտադիր համաձայնությամբ։ Ասենք, այդ հարցն ապագայի գործ է, որն առայժմ այնքան էլ որոշակի չէ։

Լեոնիդ Մարտիրոսյան


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն