Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակության այցը ԱՄՆ
Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Արցախի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ նահանգներ: Այցի առաջին կանգառը Նյու-Յորքն էր, որտեղ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանին միացավ նաեւ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Պատվիրակության առաջին հանդիպումը կայացավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում, որտեղ դեսպան Կարեն Նազարյանը ողջունելով հյուրերին` ներկայացրեց վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քննարկումները:
Այնուհետեւ ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Արցախի պատվիրակությունը մասնակցեց տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը` նվիրված ՀՀ անկախության հռչակման տարեդարձին: Թեքեյան մշակութային կենտրոնի ուժերով կազմակերպված տոնական հանդեսին մասնակցում էին նաեւ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները և տեղի պարի երիտասարդական համույթը: Շնորհավորելով հանդիսության մասնակիցներին տոնի առթիվ՝ Արցախի խորհրդարանի նախագահը կարևորեց երկու հայկական հանրապետությունների վաստակած անկախության արժեքը և շեշտեց Սփյուռքի դերակատարությունն այն ամրապնդելու գործում:
Նույն օրը երեկոյան Արցախի խորհրդարանի նախագահի պատվին հայտնի բարերար Անդրեաս Ռուբյանի կողմից կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել են տեղի հայ համայնքի հոգևոր, քաղաքական ու հանրային գործիչներ: Ազգային ժողովի նախագահը, դիմելով ներկաներին` կոչ արեց շարունակել հայրենիքին ցուցաբերվող աջակցությունը և ակտիվորեն մասնակցել նոյեմբերին սպասվող համահայկական հանգանակությանը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդարան, որտեղ նրանց ընդունել է թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնուհետեւ պատվիրակությունն այցելեց նաև Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդարան և հանդիպել առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ:
Առաջնորդարաններ կատարած այցելությունների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, քննարկվել են համազգային նշանակության խնդիրներ և դրանց շուրջ հայության բոլոր հատվածների ներուժի կենտրոնացման անհրաժեշտության հարցը:
Օրվա երկրորդ կեսին Նյու-Յորքի ՙՖորդհեմ՚ համալսարանում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նահանգի տարբեր համալսարաններում սովորող հայազգի ուսանողների հետ: Ապագա առաջնորդների խմբակի անդամների հետ զրույցը վերաբերում էր Արցախի ներկա իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին և հնարավոր զարգացումներին: Հանդիպմանը հրավիրված էր նաեւ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Դենիս Փափազյանը, որն իր խոսքում անդրադարձ կատարեց Արցախի անկախության միջազգային ընկալմանը:
Նույն օրվա գիշերը պատվիրակությունը Նյու-Յորքից մեկնեց Վաշինգտոն:
Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում ծրագրված այցելությունը սկսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ հանդիպմամբ: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, միջնորդների կողմից նախատեսվող գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործման մասին:
Այնուհետև, ԼՂՀ պատվիրակությունն այցելեց ՄիացյալՆահանգների Կոնգրես, որտեղ հյուրընկալվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի կողմից: Կոմիտեի նախագահ Բերմանը գոհունակություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ իր առաջին հանդիպման առթիվ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել Արցախին վերաբերվող խնդիրները` նպատակ ունենալով շարունակել ԱՄՆ կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ պատվիրակությունն այցելեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն և հանդիպեց դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանատան դիվանագիտական կազմի հետ: Քննարկվել են ԼՂՀ պատվիրակության վաշինգտոնյան այցելության ծրագրի հետ կապված հարցեր և երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական կառույցների համագործակցությունը խորացնելու հեռանկարներն ու խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները:
Նույն օրը երեկոյան Կապիտոլիումի բարձունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի սրահներից մեկում տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Տոնական երեկոն կազմակերպված էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունի և Մարկ Կըրքի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հովանավորությամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ. Մարգարյանը և ԱՄՆ կոնգրեսականներ: Միջոցառմանը ներկա էին տեղի հայ համայնքի, տարբեր լրատվամիջոցների և հանրային շրջանակների ներկայացուցիչներ:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 29 –ին, ԼՂՀ պատվիրակության հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում շարունակվել են: Կոնգրեսականներ Ջեկի Սպիերի և Ստիվեն Ռոթմանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի և հնարավոր զարգացումների, ԱՄՆ կողմից Արցախին հատկացվող օժանդակության, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակ, որտեղ հանդիպեց կառույցի ղեկավար մարմնի հետ: ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը և պատվիրակության անդամները` խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Վաշինգտոնում ՀՅԴ կառույցի պատասխանատուների հետ քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում էին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցերին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և համազգային օրակարգում այսօր հրատապ համարվող թեմաներին: Երկուստեք կարևորվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Այցը շարունակվում է:












