Մի քանի հարց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին
30 սեպտեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը:
«2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի 7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով իրականացրել Է ուսումնասիրություն: Նախկին ռեկտորի անունով տեսչությունը ներկայացրել է 18 կետից բաղկացած հանձնարարական, որում ներկայացված են գործատուի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտման դեպքերը:
Թվանշված 18 դեպքերից 11-րդի համաձայն` կազմակերպության աշխատողներին ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը չի վճարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետում եւ 2007-2009թթ. չի հաշվարկվել ու չի վճարվել 55.535.712 ՀՀ դրամ, այսինքն, որպես կազմակերպության աշխատող, ոտնահարվել է նաեւ Ձեր իրավունքը, Ձեր արժանապատվությունը:
– Լինելով վերոնշյալ բուհի վաղեմի աշխատող, գիտությունների դոկտոր, ֆակուլտետի դեկան` պաշտպանե՞լ եք արդյոք Ձեր իրավունքը, Ձեր ֆակուլտետի աշխատակիցների իրավունքները` պահանջելով չվճարված գումարները, ի՞նչ արդյունքի եք հասել,
2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը կարեւորում է պետականության կայացման եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում ակտիվ քաղաքացու ձեւավորումը, որն ազգային արժեքների կրողն է:
-Որպես Մանկավարժական համալսարանի ռեկտորի թեկնածուի եւ որպես քաղաքացու` Ձեր օրինակը բավարա՞ր է արդյոք կրթելու ապագա մանկավարժներին` որպես ակտիվ, արժանապատիվ քաղաքացիների:
2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագրի 27-րդ կետում ամրագրված է, որ ցածր է կրթության որակը մանկավարժական բուհերում, նախատեսվում է վերանայել մանկավարժական մասնագիտություններով բուհերի մասնագիտական ծրագրերն ու ուսումնական պլանները` համապատասխանեցնելով հանրակրթության ոլորտում ընթացող բովանդակային բարեփոխումներին:
– Որքանո՞վ եք պատրաստ իրականացնելու այդ անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի Մանկավարժական համալսարանին չսպառնա փակման վտանգը:
Աշխատանքի պետական տեսչության հայտնաբերած իրավախախտումները պահանջում են արմատական մոտեցումներ եւ միջոցառումներ` դրանք շտկելու համար:
– Պատրա՞ստ եք արդյոք ստանձնելու բուհում աշխատանքային հարաբերությունները օրենսդրական դաշտ բերելու, կաշառակերության երեւույթները վերացնելու պատասխանատվությունը:
Վերոնշյալ հարցերի պատասխաններն ակնկալում եմ ոչ միայն ես, այլեւ հասարակության որոշ շահագրգիռ հատված, նաեւ Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները, որոնք այս հարցերը պետք է բարձրացնեն ռեկտորի յուրաքանչյուր թեկնածուի ընտրության ժամանակ»:












