Համագործակցություն Ուկրաինայի Խարկովի մարզի հետ
Ուկրաինայի Խարկովի մարզի ղեկավարության հետ հանդիպելու եւ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար սեպտեմբերի 27-ին Խարկով էր այցելել Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Մարզի նահանգապետ Միխաիլ Դոբկինի եւ քաղաքապետ Գենադի Կերնեսի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են մարզի եւ Հայաստանի համագործակցության զարգացման եւ խորացման հարցեր:
Գոհունակությամբ նշվել է, որ համագործակցության համար կարեւոր քայլ էր 2009թ. մարզի ղեկավարության գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որի ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն են ընձեռում համագործակցության առավել ընդլայնման եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման համար: Փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով դեսպանը նահանգապետին եւ քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան:
Նույն օրը Հայաստանի դեսպանը մասնակցել է Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են մարզի ղեկավարությունը, հայ համայնքի, գիտության, մշակույթի, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:
Դեսպան Մանուկյանը, ողջունելով արարողության մասնակիցներին, նշել է, որ անկախությունը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, որը հնարավորություն է տալիս ազատ եւ անկախ, ազգային, պետական շահերով առաջնորդվելով` լուծել հայ ժողովրդի խնդիրները:
Միջոցառումը եզրափակվել է համերգով Հայաստանի եւ մարզի մշակութային խմբերի եւ երգիչների մասնակցությամբ:












