Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նպատակը տնտեսության կայուն զարգացումն է

Սեպտեմբեր 30, 2010թ. 17:41

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին։ Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։ Օրենքի նախագծով 2011թ. ՀՀ պետական բյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998.6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են ՀՀ նախագահի մոտ։ Նախագահի առաջարկությամբ 10.0 մլրդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։ Այժմ ամեն բան կախված է ընթացիկ տարվա ամփոփումից։ Գործադիրի ղեկավարի կարծիքով` հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու։

Կառավարությունը «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» 1970թ. հուլիսի 1-ի Ժնևի համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով ՀՀ հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ներդրման համար իրավասու մարմին է ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011թ. հունվարից հնարավորություն չեն ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետություններ։ Դրա համար պետք է սահմանել համակարգի ներդրումն ապահովող և ստուգում անցկացնող լիազոր մարմինները, հսկիչ սարքերի քարտերի ձևը, պատրաստումը և տրամադրումը, ինչը և արվել է սույն որոշմամբ։

ՀՀ կառավարության որոշմամբ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Երևանի Շիրակի 2ա հասցեում գտնվող 7-րդ հանրակացարանային մասնաշենքում բնակվող Լիանա Բաղրամյանի և Ստելլա Քոչարյանի զբաղեցրած տարածքները սեփականաշնորհվել են այդ բնակիչներին։

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Երնորոգնախագիծ» պետական ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով։

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև օդային հաղորդակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության կառավարությունների միջև երկու` դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման և տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։

Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով գործադիրը Վայոց ձորի մարզպետարանին հատկացրել է 14,765.0 հազար դրամ, որով կգազիֆիկացվի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքը, կնորոգվի քաղաքի Մոմիկի այգին, կհրատարակվի «Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ.» անգլերեն ուսումնասիրություն-ալբոմը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն