Հաստատվել է Ֆիննախի գործունեության ծրագիրը
-ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության ծրագիրը, որի համաձայն պետք է ապահովվի մակրոտնտեսական կայունությունը, իրականացվեն տնտեսական կայուն աճի միտված հարկաբյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի զարգացմանը, ֆինանսական միջնորդության խորացմանը և կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և այլն։
Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագիծ։ Ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի ապահովել Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և կենսաբազմազանության ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների օգտագործմանն ուղղված խնդիրների անվերապահ կատարումը։
Նպատակ ունենալով նպաստել ոռոգման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ու շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերություններին աջակցել` բարելավելու ֆինանսական վիճակն ու մեծացնել ինստիտուցիոնալ կարողությունները և հիմք ընդունելով 2009թ. դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի ընդունած ՀՀ ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության հայեցակարգը, կառավարությունը հավանություն է տվել ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը։
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։ Որոշմամբ նախատեսվում է ստեղծել տարանջատված գործառույթներով երկու ստորաբաժանում` լիցենզավորման ու վերլուծության և վերահսկողության բաժիններ։ Ակնկալվում է, որ դա կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, լիցենզավորման ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Հաջորդ երկու որոշումներից առաջինով հստակեցվել են նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության նպատակներն ու խնդիրները, երկրորդով նոր խմբագրությամբ են շարադրվել ՀՀ ԱՆ նպատակներն ու խնդիրները, գործառույթները, նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժինը վերակազմակերպվել է իրավաբանական վարչության, ինչը բխում է ստորաբաժանման կողմից իրականացվող ծավալուն աշխատանքի կանոնակարգման անհրաժեշտությունից։












