Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նախագահ Սարգսյանը մասնակցել է գործարանի հիմնարկեքի արարողությանը

Հոկտեմբեր 1, 2010թ. 08:22

DAV_7730Երեկ Արագածոտնի մարզում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է   գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող “Գոլդեն Գրեյփ Արմաս” ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Նախագահ Սարգսյանը մասնակցել է գործարանի հիմնարկեքի արարողությանը` հաջողություններ մաղթելով ընկերությանը` այդ եւ հետագա բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք ուղղված են հայրենական արտադրության խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Նշվել է, որ գործարանի առաջին հերթափոխի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ.:

Հանրապետության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ Արագածոտնի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա “Գոլդեն Գրեյփ Արմաս” ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել` տարածքը քարերից մաքրելու, բարեկարգելու եւ գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու, ինչպես նաեւ այգիներ հիմնելու, տեխնիկա ձեռք բերելու, ենթակառուցվածքներ, ճանապարհներ ստեղծելու ուղղությամբ: Տարածքն ունի բարձրակարգ ոռոգման ջրային ցանց եւ էլեկտրաֆիկացված է:

Ընկերության ղեկավարության հավաստմամբ, լուծված է նաեւ արտադրանքի իրացման շուկայի խնդիրը. ստացված արտադրանքը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաքվելու է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: Նախատեսվում է նաեւ տարածքում կառուցել դեգուստացիոն սրահներ եւ զարգացնել ագրոտուրիզմը`կազմակերպելով զբոսաշրջիկների այց այգիներ, գինու, կոնյակի արտադրամասեր եւ, նորաստեղծ դեգուստացիայի սրահներ, որտեղ ներկայացվելու է “Գոլդեն Գրեյփ Արմաս”-ի արտադրանքը: Աշխարհում օրգանապես մաքուր մթերքների նկատմամբ աճող պահանջարկից ելնելով` նախատեսվում է արտադրել քիմիազերծ, անարատ մթերք եւ խմիչք:

Արարատի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է հիմնանորոգված եւ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած “Արարատի բժշկական կենտրոն” ՓԲԸ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են  մարզային այդ առողջապահական հաստատությունում իրականացված աշխատանքն ու բնակչությանն առողջապահական ծառայություններ մատուցելու  համար  ստեղծված արդի պայմանները: Նշվել է, որ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում “Արարատի բժշկական կենտրոն”-ը, հիմնանորոգման արդյունքում, այսօր ունի ժամանակակից կահավորմամբ վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներ, բազմաբնույթ ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզում այցելել է նաեւ Ավշարի գինու գործարան, որն ավելացրել է  իր արտադրական հզորությունները, կառուցել նոր արտադրամասեր եւ ներդրել նոր տեխնոլոգիաներ: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրության պայմաններին, ինչպես նաեւ ներկա է գտնվել խաղողի մթերման գործընթացին, զրուցել գյուղացիների հետ:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն