Երկրի պարենային անվտանգության մասին
«Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություններ ունի մոտակա 3-5 տարիների ընթացքում իր պարենային անվտանգության բարձրացման ուղղությամբ շոշափելի քայլեր կատարելու, հասցնելով այն պարենային ապահովության աստիճանի, այսինքն առնվազն 80%-ով ապահովելով իր բնակչությունը սեփական արտադրության մթերքով»,- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ այս կարծիքն է հայտնել փորձագետ Վարդան Հայկազյանը։
Փորձագետն ասել է, թե պարենային անվտանգությունը միայն գյուղմթերքի արտադրությամբ և համապատասխան մշակաբույսերով զբաղեցրած տարածություններով չի պայմանավորված: Այստեղ կարևորվում են նաև գների և պահանջարկի տատանումները, ռեզերվների ոչ բավարար լինելը, գնագոյացման շղթայի կարգավորումը, գյուղմթերքների և արդյունաբերական ապրանքների գների միջև գոյություն ունեցող անհավասարությունը (դիսպարիտետը), շուկայից էժան ապրանքների արտամղումը: Այս անուղղակի գործոնների շարքում մենք առավել կարևորություն ենք տալիս բնակչության սննդի կառուցվածքին:
«Հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք երկրներ կամք դրսևորեցին և ավանդույթների ու հետազոտությունների վրա հենվելով սկզբունքային փոփոխություններ մտցրեցին իրենց սննդակարգերում, ինչը շատ շուտով հանգեցրեց կյանքի տևողության երկարացմանը, հիվանդությունների հաճախականության նվազեցմանը, առողջության այլ չափանիշների բարելավմանը: Դրան հնարավոր եղավ հասնել կարմիր մսի (տավար, ոչխար, խոզ), ինչպես նաև կենդանական ծագման յուղերի, կաթնամթերքի, ձվի և շաքարի օգտագործման կրճատման և սպիտակ մսի (թռչուն, ձուկ, ճագար) տեսակարար կշռի սննդակարգում ավելացման միջոցով: Ամբողջական ալյուրն այդ երկրներում սկսեց հետզհետե դուրս մղել սպիտակ թեփազրկված ալյուրը, իսկ բանջարեղենի և մրգի օգտագործումը կրկնապատկվեց»:
Վարդան Հայկազյանն առաջարկում է իր սննդակարգը, որում գրեթե կրկնապատկվում է մրգի և բանջարեղենի օգտագործումը.«Այսօր բանջարեղենը բավարար չափով է արտադրվում, իսկ մրգի, հատապտուղների, բոստանային մշակաբույսերի արտադրության ավելացման համար կան բոլոր նախադրյալները: Առաջարկվում է զգալիորեն կրճատել հացի և հացամթերքի օգտագործումը, միևնույն ժամանակ նախապատվությունը տալով ամբողջական ալյուրին և ձավարեղենին, որոնցով ներկայացված օսլան ավելի արժեքավոր է, քան կարտոֆիլինը, նվազեցնել շաքարի օգտագործումը, կարտոֆիլինը, ձվինը և կաթնամթերքինը, վերջինիս դեպքում նախապատվությունը տալով պանրին և մածունին` մյուս տեսակների նկատմամբ: Առաջարկվում է կրկնապատկել բուսական յուղի օգտագործումը, ինչը խնդիրներ չի առաջացնի թեկուզ այն առումով, որ երկիրն արդեն վաղուց ունի սեփական բուծած սոյայի սորտեր, իսկ գյուղացին պատրաստ է զանգվածաբար աճեցնել այդ շատ տեսակետներից արժեքավոր, եկամտաբեր մշակաբույսը, եթե ունենա դրա սպառողը: Այդպիսին կարող է հանդիսանալ վերակառուցված և արդիականացված ձեթ-օճառ կոմբինատը, սոյայի համալիր մշակման կարողություններով: Բացի այն, որ սա հնարավորություն կտա հրաժարվելու բուսական յուղերի ներկրումից, մենք ձեռք կբերենք դյուրամարս բուսական սպիտակուցների շատ մատչելի աղբյուր»:
Փորձագետը համոզված է, որ Հանրապետությունում կան բոլոր հնարավորությունները, մոտակա մեկ-երկու տարում, հրաժարվել շաքարավազի ներկրումից, Շիրակում և Սպիտակում աճեցնելով շաքարի ճակնդեղ և տեղում վերամշակելով: «Ճիշտ է, տեղում արտադրված շաքարավազի ինքնարժեքը փոքր- ինչ ավելի բարձր է ստացվում, քան ներկրվածինը, բայց փոխարենը, ունենում ենք երկրի գյուղատնտեսության դիվերսիֆիկացման նոր օղակ, գյուղացին ստանում է մթերման երաշխավորված հնարավորություն, բարձրանում է հանրապետության պարենային անվտանգությունը»:
«Վերջին տարիների տվյալներով հանրապետությունում արտադրվում է տարեկան միջինը 220-230 հազար տոննա հացահատիկ, իսկ օգտագործվում` 650-700: Այսօրվա տարեկան մեկ շնչի փաստացի օգտագորված 180 կգ փոխարեն` մենք առաջարկում ենք 110 կգ, ելնելով սննդակարգի էներգետիկական պահանջներից, բալանսավորվածությունից և վերը շարադրվածի տրամաբանությունից: Այդ դեպքում կարելի է ընդհանուր օգտագործման թիվը համարել մոտավորապես 400-450 հազար տոննան, նվազեցնելով նաև ֆուրաժային նպատակներով օգտագործվող հացահատիկը և փոխարինելով այն խոտով, խոտալյուրով ու այլ բնական կերերով, ինչը աշխարհի մասշտաբով կարևոր կռվան է հայտարարված այսօրվա տարեկան 1.5 միլիարդ տոննայից 2020 թվականին 2.1 միլիարդ տոննային հասցնելու և դրանով պարենի խնդիրը լուծելու համար: Կարևոր կլինի մեզ համար նաև նվազեցնել օղու թորումը հացահատիկից, հատկապես որ ունենք մրգային օղու թորման հսկայական ռեզերվ, էլ չենք խոսում գինու զանգվածային օգտագործման ավանդույթին վերադառնալու մասին:
400-450 հազար տոննայի արտադրությունը, չնայած այսօրվանի կրկնապատիկն է, այնուամենայնիվ միանգամայն իրատեսական և լուծելի խնդիր է: Դրան կնպաստեն այսօր չօգտագործվող վարելահողերի, որ մոտ 40% է կազմում, նորից շրջանառության մեջ դնելը, բնական երկրագործության կիրառումը, որ իշխանությունների մոտ, կարծես, հետաքրքրություն է առաջացնում, և վերջապես ՀՀ կառավարության ս.թ. հուլիսի 29-ի որոշումը, որ հաստատում է մոտակա տարիներում իրականացվող ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության, կարելի է ասել, հաջողված ծրագիրը»:
Այսպիսով, ելնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակից և զարգացման ուրվագծվող հնարավորություններից, փորձագետն առաջարկվւմ է բալանսավորված սննդակարգ, որը մի կողմից ստեղծում է երկրի քաղաքացիների առողջ ապրելակերպի համար ամուր հիմքեր, մյուս կողմից հարիր է թե’ մեր ազգային ավանդույթներին, թե մեզանում ավանդաբար կիրառվող ցանքերի կառուցվածքին: «Հարկ է նշել նաև, որ այս առավելություններով հանդերձ այն չի դառնում պակաս մատչելի. այն պարագայում, որ նոր սննդակարգում նախատեսվում է մեկ շնչի հաշվով տարեկան 12 կգ ձուկ և ձկնամթերք, ինչն իսպառ բացակայում է այսօր գործող սննդակարգում, տարեկան զամբյուղը թանկանում է ընդամենը 20-22 հազար դրամով», -եզրափակեց Վարդան Հայկազյանը:
ArmAr.am












