Արցախի ճանաչումն այս պահին անիմաստ ու վտանգավոր է
Հայաստանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի Ադրբեջանի հետ զինված բախման, քանի որ Ադրբեջանը մի երկիր է, որի եկամուտների զգալի մասն ուղղվում է ռազմական բյուջե եւ սպառազինման: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա միաժամանակ հավելել է. «Գործնականում, այսօր չկան այն հիմքերը, համաձայն որոնց կարելի է ենթադրել, որ ինչ-որ ժամանակ անց Ադրբեջանը կարող է գնալ նման քայլերի»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման հաճախակիացող դեպքերին, պատգամավոր Զաքարյանն ասել է` այն Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարության դետալներից է.«Այսինքն, Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, հաշվի առնելով, որ իր սպառնալիքները կարող են տեսականորեն ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչն, ի ուրախություն բոլորիս, որեւէ ազդեցություն չի ունենում: Որովհետեւ միջազգային հանրությունն էլ է քաջ գիտակցում, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, առաջին հերթին տուժողը լինելու է հենց ինքը՝ պատերազմ սկսողը»:
Պատգամավորը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին:
«Այն ամբողջովին կփոխվի բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը, քանի դեռ բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել՝ անիմաստ ու վտանգավոր է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման ուղղությամբ որեւէ քայլ կատարելը: Այդ քայլերը արդարացված կլինեն այն պարագայում, երբ սպառված կլինեն Հայաստանի դիվանագիտական զինանոցի բոլոր հնարավոր քայլերը: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանին կհետեւեն այլ պետություններ եւս: Չի բացառվում, որ ճանաչումից հետո այլեւս անիմաստ դառնա բանակցային գործընթացի փիլիսոփայությունը: Այդ քայլը` այս պահին, Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայացնել եւ փորձել հիմնավորել, թե Հայաստանը պատրաստ չէ բանակցություններին ու ավելի ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- ասել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը։












