Վաշինգտոնում ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի դիրքորոշումը
ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին շարունակեց այցելության ծրագիրը ԱՄՆ մայրաքաղաքում:
Կեսօրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը հրավիրված էր եւ մասնակցեց ԼՂՀ-ից ժամանած պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ: Ընդունելությանը ներկա էին նաեւ Վաշինգտոնում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների բազմաթիվ պատասխանատուներ և ԱՄՆ օրենսդիր ու գործադիր իշխանության պաշտոնյաներ:
Արցախի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ ու զրույցներ է ունեցել տարբեր երկրների դիվանագետների ու պաշտոնատար անձանց հետ:
Օրվա երկրորդ կեսին, Վաշինգտոնի Կարնեգի հետազոտական կենտրոնում /Carnegie Endownment For International Peace/ կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ: Քննարկումների ընթացքում ԼՂՀ խորհրդարանի նախագահը ներածական խոսքով ներկայացրեց Արցախի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու գործընթացների վերաբերյալ: Այնուհետեւ տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ փորձագետները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
Այցը շարունակվում է:












