Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվում են
Լոնդոն
Սեպտեմբերի 25-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցու մշակութային սրահում տեղի ունեցավ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Հայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի միասնական հավաքը` նվիրված Հայաստանի 19-ամյա տարեդարձին:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը եւ Հայ Համայնքի խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը, միջոցառումը հովվապետական խոսքով եզրափակեց ՄԹ-ում հոգեւոր առաջնորդ հայր Վահան Հովանեսյանը: Համահավաքը ավարտվեց տոնական համերգային ծրագրով:
Նյու-Յորք
Սեպտեմբերի 19-ից 26-ը Նյու-Յորքի եւ Նյու Ջերսիի հայկական համայնքային կազմակերպությունները մի շարք տոնական միջոցառումներ էին կազմակերպել` նվիրված Հայաստանի անկախության 19-ամյակին:
Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի եւ «Վարդանաց ասպետների ու դուստրերի», «Նոյան Տապան»-ի, ինչպես նաեւ ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի կենտրոնական կոմիտեի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողություններին մասնակցեցին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական նեկայացուցիչն ու դիվանագետները:
Հանդիսությունների շարքն ամփոփվեց սեպտեմբերի 26-ին` Նյու Ջերսիի Ինգլվուդ քաղաքում կայացած համերգով, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միության Մեծ Նյու-Յորքի (Նյու-Յորք եւ Նյու Ջըրզի) շրջանային կառույցը եւ անցկացվում էր ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո:
Համերգային ծրագրին ելույթներով հանդես եկան Երեւանի Սայաթ Նովայի անվան դպրոցի ազգագրական համույթի սաները եւ Նյու-Յորքի «Երազ» պարային համույթը:
Միջոցառմանն ելույթ ունեցան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Տոկիո
Սեպտեմբերի 30-ին Տոկիոյի «Իմպերիալ հոթել» հյուրանոցում Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին, ինչպես նաեւ Ճապոնիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմանը:
Ընդունելությանը ներկա էին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարներ պարոն Հիսաշի Տոկունագան եւ Կորո Բեսշեն, Ճապոնիայի խորհրդարանի անդամներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` ի դեմս Ճապոնիայի ԱԳՆ-ի, միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարության: Հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, ինչպես նաեւ երկրի ֆինանսատնտեսական, գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոշոր համալսարանների ղեկավարներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Այս հանդիսավոր առիթով ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսք հղելով` դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանն ընդգծեց, որ թեեւ հայ-ճապոնական բարեկամությունն ունի բազմաթիվ պատմական, մշակութային եւ տնտեսական արմատներ, Տոկիոյում Հայասանի դիվանագիտական առաքելության հիմնադրումը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների խորացման գործում: Նա նշեց, որ այս 19 տարվա ընթացքում Ճապոնիայի ժողովուրդը մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին` իր աջակցությունը ցուցաբերելով Հայաստանի տնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային ներուժին:
Պատասխան ելույթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Հիսաշի Տոկունագան շնորհավորեց Հայաստանի ժողովրդին Ազգային տոնի առթիվ եւ ողջունեց Հայաստանի ղեկավարության որոշումը Տոկիոյում դեսպանություն հիմնելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այս քայլն էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը եւ զանազան ոլորտներում համագործակցության խորացմանը:
Ընդունելությունը ուղեկցվեց Կոմիտասի, Խաչատրյանի եւ Բաղդասարյանի ստեղծագործություններով, որոնք կատարեցին ճապոնաբնակ հայ եւ ճապոնացի երաժիշտներ:
Մոնտեվիդեո
Սեպտեմբերի 29-ին Մոնտեվիդեոյի «Շերատոն» հյուրանոցի հանդիսությունների սրահում Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա են գտնվել շուրջ 200 հրավիրյալներ: Իրենց շնորհավորանքները Հայաստանի դեսպանին եւ Ուրուգվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանին են հայտնել Ուրուգվայի փոխնախագահ, Ազգային Սենատի նախագահ Դանիլո Աստորին, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան, Ուրուգվայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ պատվավոր հյուպատոսներ:
Ընդունելությանը ներկա էին երկրի կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ուրուգվայահայ կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, արվեստագետներ, Մոնտեվիդեոյի կենտրոնական թերթերի ու հեռուստաալիքների լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հայաստանի դեսպանին շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան:












