Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբիին խոսել են ԼՂՀ ներկա փուլի շուրջ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարեւորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, որի գործունեության ընդլայնումը ողջունելի է համարվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ:












