Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վաշաձեն այցելել է Երևան

Հոկտեմբեր 4, 2010թ. 13:36

Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները` նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ  բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը,  արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ  հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի:

Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարեւորվեց կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն