Մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի
նախաձեռնությամբ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցում, որի տարրական դասարաններում
սովորում է 86 աշակերտ, այսօր մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը, որը
ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել և
մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սփյուռքի
նախարար Հ. Հակոբյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային
ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մ. Լուկյանովան, “Ռոսսոտրուդնիչեստվոյի” ՀՀ
ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի
կապակցութամբ, նշել է, որ այն կարևորված է թե առողջական և թե սոցիալական տեսակետից,
քանի որ ծրագիրը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր երեխաների համար: “ՀՀ
կառավարությունն իր գործունեության մեջ միտված է դեպի ժողովուրդ, հասարակության շահեր,
կոնկրետ քաղաքացու կոնկրետ կարիքների բավարարում: Իրականացվող ծրագրի ամենախոշոր
առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարունակվելու է արդեն որպես ՀՀ
պետական ծրագիր: Ծրագրի շրջանակում միջգերատեսչական ջանքերով ՀՀ կառավարության հովանու
ներքո մշակվելու է դպրոցական սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013
թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին
համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը: Սա խոշոր սոցիալական նախաձեռնություն է,
և ես վստահ եմ, որ ծրագրի այս հատվածը լավ հարթակ է այն համատարած, համընդհանուր և
որպես պետական ազգային ծրագիր իրականացնելու համար”,-նշել է Ա. Աշոտյանը:
Հյուրերն այցելել են դպրոցի ճաշարան, աշակերտների հետ համտեսել մատուցված սնունդը:
Այնուհետև շրջայց են կատարել վերջերս վերանորոգված դպրոցի նոր մասնաշենքում, եղել
համակարգչային, ռազմագիտության դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների
հետ: Հյուրերը մասնակցել են նաև դպրոցի բակում անցկացվող ծառատունկին:
8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել
դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող
ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ
դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի
Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում
նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։
Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցական։ ՊՀԾ-ի աջակցությամբ
դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008թթ., որում ընդգրկված
է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտ։
ՊՀԾ-ն քաղցի դեմ պայքարող աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունն է։ Ամեն
տարի ՊԾՀ-ն սնունդ է մատակարարում ավելի քան 70 երկրի շուրջ 90 միլիոն մարդու։
Դպրոցական սնունդ ծրագիրն արդեն 45 տարի իրականացվում է ավելի քան 60 երկրի շուրջ 22
միլիոն երեխայի համար։
ArmAr.am












