Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրք-ադրբեջանական նոր ծուղակ

Հոկտեմբեր 5, 2010թ. 10:00

«Հայոց աշխարհը» գրում է, թե վերջին օրերին թուրքական մի շարք լրատվամիջոցների եւ անմիջապես նրանց միացած ադրբեջանական քարոզչության համատեղ ջանքերով ասպարեզ է նետվել հայ-թուրքական հարաբերություններում սպասվող առաջընթացի կամ, այսպես կոչված, «Ցյուրիխ-2»-ի մասին կասկածելի տեղեկատվությունը:

Ըստ պարբերականի` հայ-թուրքական բարձր մակարդակի հնարավոր հանդիպման կազմակերպումը թուրքական կողմը փորձում է շաղկապել Աստանայում նախատեսվող ԵԱՀԿ գագաթաժողովի հետ։ «Եվ հենց սա է այն քաղաքական նպատակը, որ հետապնդում է թուրքական դիվանագիտությունը։ ԵԱՀԿ-ն է այն կառույցը, որի շրջանակներում է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Ուստի հասկանալի է, որ ԵԱՀԿ շրջանակներում անցկացվող ցանկացած հանդիպում, առավել եւս այդ կազմակերպության գլխավոր ֆորումի դերը խաղացող գագաթաժողովը, չի կարող զերծ մնալ «Ղարաբաղյան թեմատիկայի» այս կամ այն արծարծումից՝ լինի նոր առաջարկ կամ էլ եղած առաջարկների քննարկում։ Ուրեմն թուրքական աղվեսը հրաշալիորեն գիտակցում է, թե որտեղ է պետք «ժամադրություն նշանակել»,-գրում է թերթը։

«Հայոց աշխարհի» մեկնաբանը նկատում է, որ Աստանայի հանդիպման հնարավորությունը թուրքական կողմը կփորձի օգտագործել երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիրը հերթական անգամ Ղարաբաղի հարցի հետ շաղկապելու նպատակով, մանավանդ որ ԵԱՀԿ գագաթաժողովը դրա համար ամենահարմար վայրն է։ Ուրեմն կարելի է չկասկածել, որ Հայաստանից հնչած այս ազդանշանն անգամ անմիջապես համապատասխան արձագանք է գտնելու Թուրքիայում. այնտեղ ամեն ինչ անելու են, որ տեղի ունենա երկու նախագահների զուտ քարոզչական հանդիպումը։ «Ճիշտ կլինի, որ հայկական կողմը նախապես հստակեցնի շատ պարզ մի իրողություն. Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած վայրում, ցանկացած ձեւաչափով հանդիպել թուրքական կողմի հետ, եթե բանակցություններում շոշափվելու են միայն երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հիմնախնդիրները, եւ դրանք որեւէ կերպ չեն շաղկապվելու երրորդ երկրների հետ Հայաստանի կամ Թուրքիայի ունեցած հարցերին»,-եզրափակում է թերթը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն