Ռուսաստանը հայաթափում է Հայաստանը
«Մեզ արդէն յայտնի է այն մօտալուտ հեռանկարը, երբ Ռուսաստանի ազգբնակչութեան թիւը աղետալի անկում է ունենալու։ Հետեւաբար Կրեմլը իրականացնում է իր դեռեւս գաղութային հանրապետութեան հաշուին զանազան շրջանների ազգաբնակչութեան թիւը ոչ միայն աւելացնելու, այլեւ հեռանկարի մէջ ծնելիութիւնը աւելացնելու ծրագիրը։
Այս նպատակով Երեւանի մէջ ստեղծուած է Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութիւն։ «Կամաւորութեան» սկզբունքով հայաթափութիւն իրականացւում է Հայաստանի քաղաքացիներին խոստանալով տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս եւ, ի հարկէ, քաղաքացիութիւն (եթէ ժամանակին չեն ստացել)։ Ընդ որում, եթէ մեկնողները ցանկութիւն ունենան Հայաստան այցելել, ապա միայն ու միայն իբրեւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Այսինքն, օտարացումը իրականացւում է նաեւ առանց այդ էլ խիստ պայմանական սահմանի նոյնքան պայմանական օրէնքների պահպանութեան պայմանով։
Հայաստանում Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչութեան գլխաւոր մասնագէտ Վիկտոր Կուզմինը նոյնպէս հաստատել է, որ Ռուսաստանը իսկապէս իրականացնում է մեր համոզումով՝ որակեալ հայաթափութեան ոճրագործութիւնը: Հայրենազրկուած ընտանիքներին բնակեցման են ուղարկում Կալինինգրադի (Քեոնինսբերգ), Վորոնեժի, Լիպետսկի, Տյումենի եւ այլ 23 շրջաններ։ Սեպտեմբերի 15-ի տուեալներով Ռուսաստան են վերաբնակեցուալ 4808 հոգի։
Կրեմլի այս ծրագիրը, որ Վանի հայաթափման ժամանակակից եւ կատարելագործուած մի տեսակն է, մշակուել ու հաստատուել է չորս տարի առաջ եւ իր բարեյաջող աւարտին է հասնելու մինչեւ Ռուսաստանի նախագահի ընտրութիւն՝ 2012 թուականին։ Այդ պատճառով է որ մինչեւ հիմա գաղթը կազմակերպուել է առանց շեփորահարուելու, այսպէս ասած՝ «ներքին կարգով»,- իր անհանգստությունն է Փարիզից հայտնում գրող հրապարակախոս Կարեն Սիմոնյանը:
«Ամէն շաբաթ՝ 90 ընտանիք։ Միջին հաշուով 450-500 հայ մեկնում է երկարատեւ հոգէվարքի մէջ գտնուող կայսրութեանը մարդկային աւիշով նրա վախճանը երկարաձգելու։ Արդէն դարից աւելի է որ հետեւողականօրէն իրականացւում է Հայաստանը առանց Հայի տիրելու ռուս-թուրքական ոճրագործ ծրագիրը», -ահազանգում է հրապարակախոսը:
«Քսանամեայ վաղեմութիւն ունեցող այն շնական՝ ցինիկ բացատրութիւնը, թէ «որքան երկրից շատ լինեն հեռացողները, այնքան լաւ» – գուցէ շատերն են մոռացել, բայց մենք յիշում ենք։ Ես բնաւ չեմ նկատում Հայաստանի մտաւորականութիւն կոչուած խառնամբոխին, որ Գրողների, Նկարիչների, Կոմպոզիտորների, Կինոմիութիւնների մէջ ծուարած, ծախում են Երկիրը։ Նրանք գոյութիւն չունեն ոչ իբրեւ քաղաքացիական պատասխանատուութիւն ունեցող եւ ոչ էլ գեղարուեստի մէջ պարկեշտութեան արժէք ներկայացնող մարդիկ։
Բայց որտե՞ղ են Հայրենիքին նուիրեալ պաշտպանները։ Չէ՞ որ նրանք կան, տեսնում են այս արհաւիրքը որ պայթել է Հայաստանի գլխին… Դեռ ի՞նչ է պէտք է լինի որ մեր լեռներով մէկ արձագանգուի տիրական մեր ՈՉ-ը…», -սթափեցնող կոչ է հնչեցնում Կարեն Սիմոնյանը:












