Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Է. Նալբանդյան. Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները

Հոկտեմբեր 19, 2010թ. 15:39

Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումը”, որի բացումը կատարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից:

Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել տարբեր երկրների եւ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումի “Հեռանկարներ 2020. ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ և մարտահրավերներ” խորագրով նիստին բացման խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:

Խոսելով Եվրոպայի խորհրդի ստեղծման նախադրյալների եւ կազմակերպության գործունեության մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման և խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը` ազատության և ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը:

Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ և նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ, կարեւոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում:”

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ նաեւ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանը. “Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը: Միանալով կազմակերպությանը` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությումբ` հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:”

<Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը” – ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցների պատվին Հայաստանի արտգործնախարարի անունից ընդունելություն կտրվի:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն