Արցախում ականազերծման կարիք ունի ավելի քան 1000 հա տարածք
Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բրիտանական ՙThe HALO TRUST՚ ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարկին և նույն ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանին։
Զրույցի ժամանակ ծրագրի ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ՙThe HALO TRUST՚-ի առաքելության ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, նրա հաղորդմամբ, անցած տասը տարում չպայթած ականներից և այլ զինամթերքից վնասազերծվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հա տարածք, ականազերծման կարիք ունի ևս ավելի քան 1000 հա տարածք։ Որպես կարևոր ձեռքբերում՝ նա հատկապես ընդգծեց ականների և այլ զինամթերքի պայթյուններից տուժած բնակիչների թվի նվազումը։
Միևնույն ժամանակ, նշեց նա, կառույցն ունի իր խնդիրները՝ կապված, մասնավորապես, ծրագրի ֆինանսավորման հետ։ Ծրագրի ղեկավարի հաղորդմամբ՝ ֆինանսական շրջանակների ընդլայնման դեպքում կազմակերպությունը կարող է սեղմ ժամկետներում ավարտել վնասազերծման աշխատանքները։
Իր հերթին՝ ԱԺ նախագահը, կարևորելով ՙThe HALO TRUST՚-ի դերակատարությունը երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովման ասպարեզում, հավաստիացրեց, որ ԼՂՀ իշխանությունները, այդ թվում՝ օրենսդիր մարմինը, պատրաստ են այսուհետ ևս ուղիներ և միջոցներ որոնել՝ հնարավորինս նպաստելու համար նրա նախաձեռնած մարդասիրական ծրագրի լիարժեք իրականացմանը։












