Գլխավոր » Լրահոս

Վարչապետը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբեր 21, 2010թ. 10:00

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարևոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։

Խոսելով  Ռուսաստանի հայերի միության աշխատանքի մասին` վարչապետը կարևորել է դրա ազդեցությունը համայն հայության ներուժի ամրապնդման ու Հայկական աշխարհի ձևավորման գործում. «Դրանով իսկ ձևավորվում և ամրապնդվում է Հայկական աշխարհը և կապերը հայկական համայքների միջև։ Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաև իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալտնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաև լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարևորությունը և նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը։ Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը միությանը մաղթել է նորանոր հաջողություններ հայրենանվեր բոլոր ձեռնարկներում։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն