Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Յագլանդ.«Աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար»

Հոկտեմբեր 21, 2010թ. 16:28

2010Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահը ողջունել և կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը, հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել:  Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Երևանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն և´ ԵԽ-ի, և´ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումնե­րին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո´ն Նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է` օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եւ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը` նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու և ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն