Ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի ամենախոցելի մարզերը
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը,
նեոնատոլոգներ Արշակ Ջերջերյանը, Պավել Մազմանյանը, և Fisher & Paykel Healthcare
ընկերության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Կոննոլին համատեղ մամուլի
ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են նեոնատալ խնամքին ուղղված ծրագրի
նոր փուլը:
2010 թվականին ծրագրի ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի ամենախոցելի
մարզերը և սահմանամերձ գյուղերը, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով չեն կարող օգտվել
երևանյան հիվանդանոցներից, կամ չունեն համապատասխան սարքավորումներ` հիվանդ նորածինների
խնամքն ապահովելու համար: Համանման սարքերով համալրվելու է 7 բուժհաստատություն:
Մանկական մահացության թվի կրճատմանը նպաստելու է նաև բուժաշխատողների վերապատրաստումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ համագործակցության արդյունքում նեոնատալ խնամքի
սարքավորումներ են տեղադրվելու Գյումրիի ծննդատանն ու մանկական հիվանդանոցում, ինչպես
նաև Մարտունու, Սևանի, Գորիսի, Կապանի և Բերդի ծննդատներում: Արժեքավոր սարքավորումները
ներառում են ուլտրաձայնային համակարգ, ինտենսիվ թերապիայի սեղան, ռեսպիրատոր թերապիայի
համակարգ, ռադիանտ տաքացուցիչ, վերակենդանացման կոմպլեկտ, մոնիտոր` հիվանդի հիմնական
տվյալների ախտորոշման համար, տաքացնող ներքնակ, պուլս օքսիմետր, և այլն: Միջազգային
մասնագետների կողմից բուժանձնակազմի համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ`
սարքավորումների ճիշտ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
«Կյանքում հնարավոր չէ ետ վերադարձնել արձակված նետը, ասված խոսքն ու ժամանակը:
Առողջության պահպանման հարցում հապաղելն ու ժամանակի անհարկի կորուստը կարող են
անդառնալի հետևանքների հանգեցնել: Չկա ավելի վատ իրավիճակ, երբ ընդհատվում է լույս
աշխարհ եկած և կյանքը դեռևս չճանաչող նորածնի կյանքը: Առողջ մանկություն ապահովելու
գործն արդար է նույնքան, որքան լույս աշխարհ եկած երեխան: Այդ գործին լծվելու
պատրաստակամությունը նշանակում է ձգտել երջանիկ, ամուր ընտանիքի և հասարակության», –
նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն երրորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին: 2009 թվականի
ծրագիրը ներառում էր Երևանի թվով 11 հիվանդանոց:
Աշխարհում յուրաքանչյուր տարի կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4 միլիոն մանուկ
է մահանում: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացության 65
տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա,
և դրա կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային
կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության
մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:












