Առաջարկ Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին` ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավական գործընթացի մասին
1988-1991-ից ի վեր ԼՂՀ հիմնախնդիրը ԽՍՀՄ-ով դրվեց ու գտնվում է միմիայն քաղաքական դաշտում, որի պատճառով առ այսօր, այսպես կոչված, «մադրիդյան» և բոլոր այլ սկզբունքներով և առաջարկներով հանդերձ, կարգավորումը չի իրագործվել:
Փաստ է, կատարված իրողություն, որ արդեն շուրջ 20 տարի է ինչ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական կայացած պետություն:
Թերացումը արտաքին հարաբերությունների դաշտում է, ԼՂՀ-ն զրկված է արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Եռանախագահների թողտվությամբ 18 տարի ձգձգվող բանակցային գործընթացը թե հանրապետությանը, թե նրա ժողովրդին դուրս է թողել միջազգային կենսական նշանակության իրողությունններից, ասես ենթարկելով տնային կալանքի, որի հետևանքում մի ամբողջ ժողովուրդ զրկված է մարդկային քաղաքակրթական զարգացման իր բոլոր միջազգային հիմնարար իրավունքներից ու ազատություններից:
Եթե այս իրավիճակը հանդուժելի էր պատերազմին հաջորդող մեկ-երկու տարիներին, երբ ԼՂՀ ժողովուրդը պատերազմի հասցրած վերքերն էր բուժում, ապա պատերազմից 16 տարի անց այլևս անհանդուրժելի է հենց միայն միջազգային իրավական սկզբունքներից ու նորմերից մեկնած, այդ թվում` հետևյալ
կոնվենցիաներից ելնելով.
-«Զարգացման իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:
-«Միջազգային մշակութային համագործակցության սկզբունքների մասին» Յունեսկոյի Հռչակագիր, 4 նոյեմբերի 1966թ.:
-«Սոցիալական առաջընթացի և զարգացման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 11 դեկտեմբերի 1969թ.:
-«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» Միջազգային Դաշնագիր, 16 դեկտեմբերի 1966թ.:
-«Տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների փոխկապակցության և չտարանջատման մասին» ՄԱԿ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.:
-«Աշխարհի խաղաղության և մարդկության բարօրրության համար գիտատեխնիկական առաջընթացի օգտագործման մասին» ՄԱԿի Հռչակագիր, 10 նոյեմբերի 1975թ.:
Այս իրավիճակում ԼՂՀ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները միջնորդված կերպով քիչ թե շատ պաշտպանելու ՀՀ-ի բոլոր փորձերը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ԵՄ-ի կողմից դիտվել են որպես բանակցային գործընթացին իբր խանգարող միջամտություններ:
Ելնելով ստեղծված փակուղային իրավիճակից` առաջարկում ենք սկսել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթաց:
ՀՀ-ն, առանց այլոց կողմից նույնի ակնկալիքի, ճանաչում է ԼՂՀ անկախությունը հենց
միայն միջնորդելու և երաշխավորելու համար ԼՂՀ ժողովրդի և ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատություններն ու զարգացման հնարավորություններն արտաքին
հարաբերություններում իրականացնելու իրավունքը, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավական հայտնի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև, ելնելով` ԼՂՀ Անկախության հանարաքվեյի արդյունքների
մասին 6 հունվարի 1992թ. Հռչակագրից, առաջնորդվելով ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն Խորհրդի 8 հուլիսի 1992թ. որոշումով: Խնդիրն իրագործելու համար որպես ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբ.
1. ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունն ու ինքիշխանությունը:
2. ՀՀ-ն հաստատում է դիվանագիտական հարաբերություններ ԼՂՀ-ի հետ:
3. ՀՀ-ն բացում է դեսպանատուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
4. ՀՀ-ի բոլոր դեսպանատներում բացվում են ԼՂՀ ներկայացուցչյուններ, որպես միջնորդ նպաստելու համար ԼՂՀ մարդու իրավունքների և զարգացման խնդիրների գործնական իրագործմանը:
5. ՀՀ-ն որպես ՄԱԿ-ի անդամ պետություն` միջազգային իրավասուբյեկտ, երաշխավորում է ԼՂՀ ներկայացուցչությունների ողջ գործունեությունը և պատասխանատվություն է կրում ԼՂՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:
Հակամարտության իրավական կարգավորումը Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հակամարտության իրավական խաղաղ կարգավորումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Մինսկի խմբին (որի ստեղծումը համապատասխանում է «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիայի (18 հոկտեմբերի 1907թ.) 2-րդ բաժնի 2-8 հոդվածներին) առաջարկում է հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջ գործընթացը այսուհետ կազմակերպել, կառուցել և համաձայնեցնել վերոնշյալ Կոնվենցիայի սկզբունքներին ու դրույթներին: Ըստ այդմ հաշվի առնելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլը` միջնորդական առաքելությունը, ձգձգվել է շուրջ 18 տարի, մինչդեռ պետք է տևեր առնվազն մեկ-երկու տարի, համաձայն նույն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-36 հոդվածների պահանջի` կատարել երկրորդ քայլը, ստեղծել հակամարտության ուսումնասիրման Միջազգային հետաքննող հանձնաժողով, որը քննության կառնի հետևյալ իրողությունները.
-Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ 1988-1990 թթ. ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնությունները, կոտորածները, թալանը,
-Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիան, պատերազմը և դրա հետևանքով հասցված վնասները,
-Ադրբեջանի կողմից, անցյալում և վերջին 20 տարիներին, հայկական մշակութային և քաղաքակրթական արժեքների ոչնչացման, մասնավորապես Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման խնդիրը,
-Ադրբեջանից բռնագաղթված շուրջ կես միլիոն հայ փախստականների թալանված ու հափշտակված ունեցվածքի
խնդիրը,
-ԼՂՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրները,
-Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող ազգամիջյան ատելության սերմանման, պատերազմի հրահրման, ռասայական խտրականության քարոզչության խնդիրը:
-Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայոց և տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի, քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարությունը:
Միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտին, եթե կողմերից մեկը չի ընդունում ներկայացված իրողությունը` առաջարկվող իրավական լուծումը, ապա Մինսկի խումբը` ըստ նշյալ Կոնվենցիայի 4-րդ բաժնի 37-90 հոդվածների, ձեռնարկում է երրորդ քայլը, այն է` հակամարտության խաղաղ կարգավորման
խնդիրը տանում է Միջազգային միջնորդ դատարան:
«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
ArmAr.am
——————
Կից տրվում է 7 փաստաթուղթ, հոդվածում հիշատակված Հռչակագրերի ռուսերեն տեքստերը:
ДЕКЛАРАЦИЯ О ПРАВЕ НА РАЗВИТИЕ
ДЕКЛАРАЦИЯ ОБ ИСПОЛЬЗОВАНИИ НАУЧНО-ТЕХНИЧЕСКОГО ПРОГРЕССА В ИНТЕРЕСАХ МИРА И НА БЛАГО ЧЕЛОВЕЧЕСТВА
ДЕКЛАРАЦИЯ ПРИНЦИПОВ МЕЖДУНАРОДНОГО КУЛЬТУРНОГО СОТРУДНИЧЕСТВА
ДЕКЛАРАЦИЯ СОЦИАЛЬНОГО ПРОГРЕССА И РАЗВИТИЯ
КОНВЕНЦИЯ О МИРНОМ РЕШЕНИИ МЕЖДУНАРОДНЫХ СТОЛКНОВЕНИЙ
МЕЖДУНАРОДНЫЙ ПАКТ ОБ ЭКОНОМИЧЕСКИХ, СОЦИАЛЬНЫХ И КУЛЬТУРНЫХ ПРАВАХ
«Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության առաջարկությունը արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովին ArmAr.am













