Մամեդյարովը գուշակի դերում
Երեկ Բաքվում «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» թեմայով խարհրդաժողովի ժամանակ Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ եթե Երևանը սկսի Լեռնային Ղարաբաղի անկախության
ճանաչման գործընթացը, ապա դա մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսակետից: «Լեռնային Ղարաբաղի
անկախության ճանաչումը կնշանակի, որ Երևանը ընդունում է Ադրբեջանի տարածքի բռնազավթման փաստը»,- ասել
է Մամեդյարովը: Ըստ նախարարի, դրան անմիջապես կհետևի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատասխանը, որի
անդամ երկրները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի արտգործնախարարի
հայտարարությունը որևէ կապ չունի իր իսկ հիշատակած միջազգային իրավունքի հետ: Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը պետք է ճանաչի նաև Հայաստանը, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ
երկրները, բայց տարածքային այդ ամբողջականության հետ ի՞նչ կապ ունի Արցախը, որը արտգործնախարարի
հիշատակած «միջազգային իրավունքի տեսակետից» երբևէ չի եղել Ադրբեջանի տարածքի մի մաս: ԽՍՀՄ
փլուզումից հետո ինչպես Ադրբեջանն է հռչակել իր անկախությունը, նույն կերպ և Արցախը` միջազգային
իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, համաժողովրդական կամքով: Սա պետք է լինի մեր դիվանագիտության
միակ մոտեցումը: Այստեղ է, որ Ադրբեջանը խցկում է փախստականների վերաբնակեցման գործոնը և համարժեք
պատասխան չի ստանում: Նպատակը Արցախի անկախության հանրաքվեն ոչ լիարժեք համարելն է: Մեր կիսատ-
պռատ քարոզչության, աղքատիկ տեղեկատվության հետևանքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կան
միայն ադրբեջանցի փախստականներ, և խոսքը միայն նրանց վերաբնակեցման մասին է: Իսկ ո՞ւր մնացին հարյուր
հազարավոր հայ փախստականները Բաքվից, Ադրբեջանի մյուս քաղաքներից: Նրանց մասին հիշում ենք միայն
միջազգային հանրությանը անհասու ինչ-որ ասուլիսներում, իսկ Ադրբեջանում վրանային ցուցադրական բնակավայր
են ստեղծում, ուր տանում են երկիր մտած և գործընթացին առնչություն ունեցող ամեն մեկին:
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե «Արցախի անկախության ճանաչումը կնշանակի
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի բռնազավթման ընդունում», զուրկ է նաև տրամաբանությունից: Այլ
հարց է, թե Արցախի ճանաչումն այսօր խիստ անհրաժեշտ է թե ոչ. Սա դիվանագիտական ներքին քննարկման
լուրջ նյութ է, որում պիտի բացառել սիրողական ու զգացմունքային հախուռն մոտեցումը, բայց որ ճանաչումը
երբեք չի նշանակի «բռնազավթման» ընդունում, հաստատ է: Թերևս միայն Ադրբեջանում: Վենեսուելան
բռնազավթե՞ց Աբխազիան և Հարավային Օսիան` ճանաչելով նրանց անկախությունը: Հարկ է ճշգրտել մեր
դիվանագիտական մոտեցումները, ճշգրտել ` ելնելով ստեղծված առկա իրողություններից, և օգտագործելով բոլոր
հնարավորությունները, որոնց մեջ փոքր ու մեծ չկա: Այս հարցում, իրոք, մեր ոխերիմ հարևաններից սովորելու բան
ունենք:
Ա.Մարության
ArmAr.am












