Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առաջին անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին

Հոկտեմբեր 25, 2010թ. 10:15

Minister Nalbandian at the Francophonie summit 25.10.2010Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացավ կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված  եւ դիտորդ երկրների բարձրաստիճան  պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ելույթ ունենալով գագաթաժողովին` Հայաստանի  արտգործնախարարը կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը` բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ եւ ընդգծեց, որ այդ որոշումը նաեւ կազմակերպության յուրահատուկ գնահատականն է Հայաստանին` որպես ակտիվ անդամի եւ վստահելի գործընկերոջ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում  առաջին անգամ ընդգրկվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք» :

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրեց գործող գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտության կատարումներով:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն